Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են «որակավորումներ»՝ դպրոցական ատեստատներ, նախնական մասնագիտական կրթության դիպլոմներ, բոլոր միջնակարգ, բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթության մասին դիպլոմներ, ներառյալ գիտության դոկտորինը, ինչպես նաև դասընթացներ անցնելու վերաբերյալ ակադեմիական տեղեկանքներ: Կոնվենցիան ասում է, որ ճանաչվում են այնպիսի արտասահմանյան որակավորումները, որոնք ընդունող երկրում որակավորման հետ էական տարբերություն չունեն:

Կոնվենցիայի գործողությունների շրջանակում կառավարման մարմինները հաստատում են օտարերկրյա դիպլոմների, արտասահմանյան երկրների համալսարանական աստիճանների և կոչումների ցանկը, որոնք ճանաչվում են տվյալ երկրի կրթության ազգային փաստաթղթերին համարժեք կամ այդպիսի ճանաչումը կատարվում է անմիջականորեն այն բուհերի կողմից, որոնք հաստատում են սեփական չափանիշները, ընդ որում, տվյալ ընթացակարգն անցնում է երկկողմ կամ բազմակողմ կնքված համաձայնագրի պայմաններում, կառավարությունների կամ առանձին բուհերի մակարդակով:

Կոնվենցիայում հիշատակված են երկու հատկապես կարևորագույն գործիքներ կրթության փաստաթղթերի փոխադարձ ճանաչման գործընթացում՝

1.Կրեդիտների Փոխադրման Եվրոպական Համակարգը (European Credit Transfer System-ECTS), որը թույլ է տալիս հաստատել կրեդիտների միասնական միջազգային համակարգ և դիպլոմի հավելվածը, որում տրվում է որակավորման լրացուցիչ նկարագիրը, ուսումնական ծրագրերի ցանկը, ստացված գնահատականներն ու կրեդիտները:

2. Որպես կանոն, UNESCO/Եվրախորհրդի կողմից դիպլոմների հավելվածները ճանաչելը դիտվում է օգտակար միջոց, որը նպաստում է բարձրագույն կրթության որակավորման շիտակությանը, այդ պատճառով միջոցներ են ձեռք առնվում, որպեսզի դիպլոմի հավելվածներն առավել լայնամասշտաբ օգտագործվեն:


14.5.2. Սորբոնյան հռչակագիրը

Միասնական Եվրոպա կառուցելու ճանապարհի առաջին քայլը եղավ եվրոպական բարձրագույն կրթության կառուցվածքի և համակարգի ներդաշնակեցումը, որի վերաբերյալ այս նախաձեռնության հեղինակներ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի բարձրագույն կրթության նախարարները 1998 թ. մայիսի 25-ին Սորբոնի համալսարանում ստորագրեցին Հռչակագիր: Այն պատմության մեջ մտավ որպես Սորբոնյան հռչակագիր:

Սա համահամաձայնության առաջին քայլն էր, ըստ որի՝ եվրոպական բարձրագույն կրթության համակարգերը պետք է դառնային ներդաշնակ և համադրելի՝ եվրոպական բարձրագույն կրթության որակավորումների մեկմեկու ճանաչման և միջազգային մրցունակությունն ամրապնդելու համար:

Հռչակագիրն արտացոլում է այն ձգտումը, որ հենվելով հուսալի ինտելեկտուալ, մշակութային, սոցիալական և տեխնիկական հիմքի վրա, Եվրոպայում պետք է ստեղծել գիտելիքի միասնական զանգված, իսկ այս գործընթացում առաջնորդի դերակատարումը հատկացնել բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Հռչակագրի հիմնական գաղափարը բարձրագույն կրթության բաց համակարգ հիմնելն էր, որը կկարողանար մի կողմից պահպանել տարբեր երկրների մշակութային բազմազանությունները, իսկ մյուս կողմից՝ կնպաստեր դասավանդման և ուսուցման միասնական տարածքի ստեղծմանը, որում ուսանողները և դասավանդողները կունենային անսահմանափակ տեղաշարժի հնարավորություն և կստեղծվեին սերտ համագործակցության բոլոր պայմանները:

Հռչակագիրը ենթադրում էր բոլոր երկրներում կամաց-կամաց բարձրագույն կրթության երկփեղկված համակարգի ստեղծում, որը թույլ կտար բոլոր ցանկացողներին մյուս առավելությունների հետ մեկտեղ հնարավորություն ունենալ ստանալու բարձրագույն կրթություն ամբողջ կյանքի ընթացքում: Այս գաղափարի կյանքի կոչմանը պետք է նպաստեր Եվրախորհրդի և UNESCO-ի համատեղ պատրաստած դիպլոմների և ուսման ճանաչման Կոնվենցիան, որին միացել էր եվրոպական