Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրների մեծ մասը, ինչպես նաև ստուգարքային միավորների միասնական համակարգը, որը հեշտացնելու է ուսանողների տեղաշարժը։

Հռչակագիրը՝ պլան է, որում որոշված է միասնական եվրոպական բարձրագույն կրթության տարածք հիմնելու նպատակը, հաստատված էին ժամկետները /մինչև 2010 թվականը/ և նշված էր գործողության ծրագիրը: Ծրագրի իրագործման արդյունքում կազմվելու էր երկու մակարդակների (undergraduate և postgraduate) պարզ ու համադրելի աստիճաններ: Առաջինը ստանալու ուսուցման ժամկետները չի կարող 3 տարուց պակաս լինել: Տվյալ մակարդակի ուսուցման բովանդակությունն էլ պետք է համապատասխանի աշխատանքի շուկայի պահանջներին: Կմշակվի կրեդիտների միասնական համակարգ, որոշակի գնահատման ընդհանուր մեթոդիկա, կստեղծվեն պայմաններ ուսանողների և դասախոսների առավել ազատ տեղաշարժման համար: Այս բոլոր պարտավորություններն իրենց վրա են վերցրել 29 եվրոպական երկրներ, որոնք ստորագրել են Հռչակագիրը:

Բարձրագույն կրթության Եվրոպական համակարգի կառուցվածքային ներդաշնակման՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կրթության նախարարների համատեղ Հռչակագիրը

Եվրոպական գործընթացները վերջերս կարևորագույն զարգացումներ են ստանում: Անհրաժեշտ է նշել, որ Եվրոպան միասնական է ոչ միայն բանկային և տնտեսության ոլորտում եվրոյի ներմուծմամբ, այլ նաև «Գիտելիքի Եվրոպայի» ստեղծմամբ: Մենք պետք է ամրապնդենք և կառուցենք մեր մայրցամաքի մտավոր, մշակութային, սոցիալական և տեխնիկական միջավայրը: Նշված միջավայրը մեծամասամբ ձևավորված է համալսարանների կողմից, ինչը և շարունակում է առանցքային դեր խաղալ դրա զարգացման գործում։

Համալսարանները Եվրոպայում հիմնվել են մի քանի հարյուրամյակ առաջ: Մեր չորս երկրները հպարտանում են հնագույն համալսարաններով, որոնք տոնում են կարևոր հոբելյաններ, ինչպես ներկայումս Փարիզի համալսարանը: Նախկինում ուսանողները և դասախոսները ազատ տեղաշարժվում և գիտելիքներ էին տարածում մայրցամաքում։ Այժմ մեր ուսանողներից շատերը ուսումնառության ընթացքում զրկված են ազգային սահմաններից դուրս ուսանելու շահեկան հնարավորությունից:

Մենք առաջնորդում ենք կրթության և աշխատանքային պայմանների մեծ փոփոխությունների ժամանակաշրջանը՝ մասնագիտական դասընթացների բազմազանության բարեփոխումների միջոցով ապահովելով կրթություն և վերապատրաստման հնարավորություն ողջ կյանքի ընթացքում: Մենք պարտավոր ենք ստեղծել ուսանողների և ամբողջ հասարակայնության համար բարձրագույն կրթության մի այնպիսի համակարգ, որտեղ նրանց տրվում են լավագույն հնարավորությունները՝ փնտրելու և գտնելու առաջադիմելու ասպարեզը:

Բարձրագույն կրթության եվրոպական բաց տարածքը ունի լայն և դրական հեռանկարներ՝ ընդունելով, անշուշտ, բազմազանությունները, միաժամանակ պահանջելով շարունակական ջանքեր՝ վերացնելու խոչընդոտները և զարգացնելու ուսումնառության և ուսուցման շրջանակները, որը և կբարձրացնի շարժունությունը ու ավելի կսերտացնի համագործակցությունը:

Մեր համակարգերի միջազգային ճանաչման և գրավչության ներուժը ուղղակիորեն առնչվում է դրանց արտաքին և ներքին դյուրընթեռնելիությանը: Երկփուլ կրթական համակարգը պետք է լայնորեն կիրառվի միջազգային համեմատելիության և համարժեքության ճանաչման համար:

Համակարգի յուրօրինակությանը և ճկունությանը կարելի է հասնել՝ օգտագործելով կրեդիտների (եվրոպական կրեդիտային փոխանցման համակարգի /ECTS/ սխեման) և կիսամյակային համակարգը: Նշվածը հնարավորություն կընձեռի նախնական փուլերում ստացած կրեդիտները փոխանցել այլ Եվրոպական երկրների համալսարաններ, որակավորում ստանալու նպատակով՝ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում: Ուսանողները, անշուշտ, իրենց աշխատանքային գործունեության ողջ ընթացքում պետք է հնարավորություն ունենան մուտք անել, վերադառնալ համալսարաններ: