զարգացման հավասար հնարավորություններ ստեղծելու հարատև կրթության համատեքստում:
Այսպիսով, նաև Բոլոնյան գործընթացի հետագա ընթացքը և նոր զարգացումներն ուղղորդվում են անդամ երկրների նախարարական գագաթաժողովների միջոցով: Սկսած 1999թ.-ից՝ Պրահայում 2001 թվականին, Բեռլինում 2003-ին, Բերգենում 2005-ին, Լոնդոնում 2007-ին, Լեովենում (Բենիլյուքս) 2009 թվականին տեղի են ունեցել հանդիպումներ, որտեղ գնահատվել է նախորդող գագաթաժողովներից հետո այս գործընթացի առաջընթացը: Պրահայում ստորագրված կոմյունիկեով սահմանված գործընթացներին ներգրավման իրենց համաձայնությունը տվեցին Եվրոպական համալսարանական ասոցիացիան (EUA), Ուսանողների եվրոպական միությունը (ESU), Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիան (EURASHE) և Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ):
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Լեհաստանի հետ համանախագահում է Բոլոնյան գործընթացը:
14.5.4. «Բոլոնյան գործընթացում» Հայաստանի մասնակցության իրավական տեսանկյունները
Հայաստանի մուտքը «Բոլոնյան գործընթաց» սկիզբ է առել այն ժամանակից, երբ ՀՀ կրթության և գիտության այսօր արդեն նախկին նախարար Լ. Մկրտչյանը Բեռլինում 2003 թ. սեպտեմբերին ստորագրեց Բոլոնյան հռչակագիրը, որը նշանակում էր, որ Հայաստանը ամբողջությամբ ընդունում է Եվրոպական բարձրագույն կրթության զարգացման գաղափարախոսությունը, նպատակները, խնդիրները և ռազմավարությունը և կձգտի դրանք հարմարեցնել հայկական բարձրագույն կրթությանը՝ հաշվի առնելով նրա ավանդույթներն ու փորձը:
Բոլոնյան հռչակագրի ստորագրումը առաջին հերթին դարձավ իրավական հիմք և խթան այդ ուղղությամբ հետագա գործընթացների ծավալման համար: Թեև, պետք է ասել, մինչ ստորագրումն ընկած ժամանակահատվածում Հայաստանն արդեն սկսել էր մի շարք ներմուծումներ անել կրթության բարեփոխումների մեջ:
Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում «Բոլոնյան գործընթացում» Հայաստանի մասնակցության տարբեր, այդ թվում նաև իրավական տեսանկյունների խնդրին: Վեճերը, բանավեճերը, բազմաթիվ վեհաժողովները տեղի են ունենում ամեն տարի: Հայկական բարձրագույն կրթության բոլոնիզացման կողմնակիցները, ինչպես և հակառակորդները, շատ են, սակայն վերջին ժամանակներում կողմնակիցները ավելի շատ են, քան հակառակորդները: Հնարավոր է, որ դա արդարացի և օրինաչափ է: Չէ՞ որ ցանկացած դեպքում Հայաստանը չի կարող զերծ մնալ և չի մնա Եվրոպայում և աշխարհում կրթության ոլորտում կատարվող գործընթացներից: Այլ բան է այն, որ մեր երկրի կրթական անվտանգությունը, սեփական ազգային կրթության առանձնահատկությունները չտուժեն անմիտ և արկածախնդրական կրթական նախագծերի և կեղծ բարեփոխումների արդյունքում, որոնցից մենք դեռևս ամբողջությամբ չենք ձերբազատվել:
«Կրթական անվտանգության» իրավական տեսանկյունները, կամ, այլ կերպ ասած, «Բոլոնյան գործընթացին» Հայաստանի մասնակցության կրթական անվտանգությունը ընդհանրապես, կարող են հանգեցնել հետևյալին:
Ցանկացած պետության, այդ թվում նաև Հայաստանի միջազգային կրթաիրավական անվտանգությունն իրենից ներկայացնում է այնպիսի նորմատիվաիրավական, գիտական, կազմակերպչական, իրավաբանատեխնիկական և այլ միջոցների և եղանակների համակարգ, որոնք ապահովում են երկրի «ազգային-կրթական» գերիշխանությունը (առանձնահատկությունը) միջազգային միության կողմից հնարավոր քաղաքագիտա-իրավական և կրթական «ներխուժումից»: Ներխուժման մասին խոսվում է այն իմաստով, որ որևէ տարրերի և կրթական համակարգերի ինստիտուտների և, համապատասխանաբար, այլ երկրներից, երկրների միություններից փոխառության և միասնականացման որոշ հարցեր տեղի են ունենում վոլյունտարիստականորեն, առանց տվյալ երկրի գիտակրթական հանրության կարծիքը հաշվի առնելու, և հաճախ նաև