Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավանդույթները՝ մարդկանց միջև իրականում գործող բարոյական հարաբերությունները, իրենց հիմքում ունեն հասարակության արտադրական, սոցիալ-քաղաքական, կենցաղային և մշակութային գործունեություն: Հենց ավանդույթներն են պայմանավորում բարոյականության կապերը սոցիումի, հասարակության կյանքի տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգևոր կողմերի հետ: Այս տեսանկյունից կարևոր է սոցիալական կյանքի այնպիսի երևույթների փոխհարաբերությունների բնույթի ուսումնասիրությունը, ինչպիսիք են բարեգործությունը, գթությունը, կամավորական աշխատանքում ներգրավվածությունը և հասարակության հոգևոր զարգացումը: Հասարակության հոգևոր-բարոյական ինքնապահպանումը ձեռք է բերվում երեք փոխկապակցված գործողությունների՝ հոգևոր ժառանգության օգտագործման արդյունավետացման, դրանց պահպանման հանդեպ ցուցաբերած հոգատարության և հնարավոր նորարարությունների, մշակույթի ավելի արդյունավետ ձևերի ստեղծագործական իմաստավորման որոնման արդյունքում:

Մշակույթը մարդկանց փոխհարաբերությունների կողմնորոշիչների, նմուշների, ձևերի, միջոցների, սոցիալական նորմերի և արժեքների՝ պատմականորեն ձևավորված ամբողջությունն է, որը մարդիկ մշակում են համատեղ կենագործունեության արդյունքում՝ վերջինիս կատարելագործման և զարգացման, հասարակական առաջընթացի նպատակով: Մշակույթը կարող է լինել նյութական, հոգևոր և սոցիալական: Մեզ հետաքրքրում է ավելի շատ սոցիալ-կրթական մշակույթը, որն իրենից ներկայացնում է սոցիալական հանրույթների և նրանց սերունդների հիշողությունը, պատմական փորձը կրթական հարաբերությունների վերարտադրության և կրթական սուբյեկտների զարգացման, կրթական գործընթացում նրանց վարքի նորմերի, այս կամ այն պատմական պայմաններում նրանց փոխհարաբերությունների և շփումների մակարդակում:

Արդի պայմաններում աճում է համամարդկային այնպիսի արժեքների կարևորությունը, ինչպիսիք են կյանքի իրավունքը, արդարությունը, ազատությունը, խիղճը, արժանապատվությունը, պարտքը, բարոյականության նորմերը և այլն: Մեծ նշանակություն է տրվում նաև բարեգործությանը, որը դասվում է այնպիսի հասկացությունների շարքին, ինչպիսին է «գթությունը», «աստվածահաճո վարվելակերպը»: Կրթությունը և դաստիարակությունը հսկայական դերակատարում ունեն նոր սերնդին մշակույթի փոխանցման հարցում, քանի որ ամեն ինչ սկսվում է մշակույթից և վերջանում դրանով:


1.4.3. Կրթական իրավունքը և բարոյականությունը


Արարքները միայն միտք են արտահայտում, այդ իսկ
պատճառով մենք պատասխանատու ենք ո՛չ միայն մեր
արարքների, այլև առավել՝ մեր մտքերի համար:
Ն. Կ. Ռերիխ

Կրթությունը հիմնված է մարդասիրական արժեքների վրա: Այդ արժեքները հիմք են հանդիսանում կրթական և մասնագիտական սկզբունքների ձևավորման, դրանց պահպանման համար:

Մարդն ապրում է իր նմանների միջավայրում, փոխգործունեության մեջ մտնում նրանց հետ, կառուցում հարաբերություններ, կատարում արարքներ, մասնակցում համատեղ գործողությունների: Մարդու ողջ կյանքի ընթացքում ամեն օր կատարվող այս բոլոր գործողությունները ձևավորվում և կարգավորվում, կանոնակարգվում և ծրագրավորվում, վերահսկվում և գնահատվում են սոցիալական տարբեր նորմերի օգնությամբ, որոնք «առաջարկում» են վարքի որոշակի սպասվելիք տեսակներ և ձևեր, որոնք համապատասխանում են տվյալ սոցիալական միջավայրում մարդկանց փոխգործունեություններին և հարաբերությունների բնույթին: Դրանց օգնությամբ հասարակությունը և սոցիալական յուրաքանչյուր խումբ ձևավորում, աջակցում, պաշտպանում, վերարտադրում է վարքի և շփման անհրաժեշտ չափանիշներ, որոնք որոշակի պայմաններում ապահովում են սոցիալական տվյալ միջավայրի գոյությունը, վերարտադրումը և զարգացումը: