Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



«Տարածք» եզրույթը, փիլիսոփայության մեջ իրենից ներկայացնելով հանգամանորեն մշակված նույնանուն մի կատեգորիա, գիտության ամենատարբեր բնագավառներում կատարում է կոնկրետ-գիտական, գնահատողական, ճանաչողական և այլ գործառույթներ՝ «ֆիզիկական տարածք», «աշխարհագրական տարածք», «պետության տարածք» և այլն: Իրավական ոաումնասիրությունների առարկայի վերաբերյալ գրականության մեջ տարածում է գտել «իրավական տարածք, դաշտ» հասկացությունը (Ս.Ս. Ալեքսեև, Վ.Վ. Ստեպանիշչև, Ա.Կ. Չեռնենկո), որն ամենալայն կտրվածքով կարելի է հասկանալ որպես իրենց զարգացման կոնկրետ պատմական փուլում գտնվող տվյալ հասարակության կամ միջազգային (տարածաշրջանային) հանրության սոցիալական գիտակցության և կեցության նյութական և ոչ նյութական (հոգևոր), կայուն, անշարժ և հարաշարժ բաղկացուցիչ մասերի հանրագումար է, որը միջնորդավորված է իրավունքի՝ որպես սոցիալական կարգավորիչի գոյությամբ և ազդեցությամբ: Հանդիպում են նաև տեսակետներ, ըստ որոնց «իրավական դաշտ» հասկացությունը դիտարկվում է որպես «հասարակության իրավական համակարգ» և «իրավական իրականություն» հասկացությունների հետ համեմատվող միևնույն կարգի հասկացություն, որի բնութագիրը տրված է իրավագիտական տարբեր ուսումնական դասընթացներում:

Չխորանալով այս բավականին բարդ իրավական խնդրի ավելի խորը տեսական շերտերի մեջ՝ բավարար կլինի միայն մատնանշել, որ ամեն դեպքում, իրավական դաշտի գլխավոր և օրգանապես փոխկապակցված տարրերը, այսպես թե այնպես՝ իրավունքը, իրավագիտակցությունը և իրավահարաբերություններն են: Եթե իրավունքը բնորոշվում է որպես իրավական դաշտի մի յուրատեսակ սոցիալական հիմք, ապա իրավագիտակցությունն այդ հիմքի ոչ նյութական դրսևորումն է մարդկանց գիտակցության մեջ, իսկ իրավահարաբերությունները իրավունքի նյութական դրսևորումը՝ մարդկանց կամային գործողությունների (գործունեության, վարքի, արարքների) իմաստով, որոնցում դսևորվում են մարդկանց միմյանց հետ փոխհարաբերությունների իրավական կողմերը:

Ինչպես հայտնի է «Իրավագիտություն» դասընթացից՝ «իրավունք» եզրույթը և հասկացությունը, ինչպես և «կրթություն» եզրույթն ու հասկացությունը, ունեն իրենց բազմաթիվ մեկնաբանությունները: Դա պայմանավորված է այդ բարդագույն և «խորհրդավոր» (Ս.Ս. Ալեքսեև) սոցիալական բացառիկության նկատմամբ պատմականորեն ձևավորված մեթոդոլոգիական մոտեցումների առանձնահատուկ բազմազանությամբ: Հիշեցնենք, որ ներկայումս ամենատարածվածը «բնական իրավունքի» և «պոզիտիվ իրավունքի» բաժանումն է։

Տվյալ դեպքում, խոսքը պոզիտիվ իմաստով իրավունքի մասին է, որով ժամանակակից իրավագիտության մեջ հասկանում են պետական իշխանությամբ միջնորդավորված և այդ իշխանության կողմից լիազորված մարմինների, հաստատությունների, պաշտոնատար անձանց կողմից իշխանական համապարտադիր և պաշտոնական ձևով որոշված թելադրանքներ (հրահանգներ և հանձնարարականներ), այսինքն՝ իրավաբանական նորմերն ապահովող մի համակարգ: Հետագայում «իրավունք» եզրույթն ու հասկացությունը և համապատասխան եզրույթաբանական համակցությունները և հասկացությունները, այնպիսիք, ինչպիսիք են՝ «իրավական կարգավորում», «իրավական քաղաքականություն», «իրավակիրառում» և այլն, գլխավորապես կօգտագործվեն հենց պոզիտիվիստական առումով: Այս տեսանկյունից «իրավունք» եզրույթը, առաջին հերթին և գլխավորապես, նշանակում է տվյալ պահին տվյալ դեպքում հայաստանյան հասարակությունում, բոլոր գործող, այսինքն՝ իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ-իրավական ակտերի (օրենսդրական, ենթաօրենսդրական, տեղային) համակարգի հանրագումար, որի միջոցով իրականանում է հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումը: Այլ կերպ ասած, տվյալ դեպքում իրավունքը մեկնաբանվում է որպես հատուկ ձևով պաշտոնականացված նորմատիվ համակարգ, որն իր առանձնահատուկ արտացոլումն է գտնում մարդկանց գիտակցության մեջ և իրականանում է նրանց կամային գործողությունների բովանդակության, բնույթի և սահմանների որոշման միջոցով: Միևնույն ժամանակ տեղին է հիշեցնել, որ իրավունքը, նրա բնույթը, էությունը, իր այլ որակները և հատկությունները՝ որպես մարդկության քաղաքակրթության