Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԺԻՆ-3 ԿՐԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Գլուխ 3.1. Կրթական իրավունքի աղբյուրների հասկացությունը և տեսակները /դասակարգումը/

3.1.1 Կրթական իրավունքի աղբյուրների հասկացությունը

Պետության և իրավունքի տեսության զարգացումը պահանջում է քննադատորեն վերաիմաստավորել իր մի շարք հիմնարար և այսօր ինչ-որ չափով հնաոճ դարձած կատեգորիաները, դուրս գալով հետազոտությունների նոր մակարդակ, որը կմիավորի իրավական գիտության և գիտության հարակից ոլորտների արդի ձեռքբերումները: «Իրավունքի աղբյուրներ» կատեգորիան պատկանում է խորը մշակման կարիք ունեցող կատեգորիաների թվին: Ուստի, կրթական իրավունքի ուսումնական ձեռնարկի շրջանակներում նույնպես արժե անդրադառնալ այս խնդրին, թեև հնարավոր չէ այն ավելի հանգամանորեն վերլուծել գիտական հոդվածների սակավության, տվյալ հիմնախնդրի, ու նախ և առաջ, իրավունքի աղբյուրի ընդհանուր հասկացության գիտական մշակման մակարդակի ակնհայտորեն բավարար չլինելու պատճառով:

Երկար տարիներ ի վեր խորհրդային գիտնականների մոտեցումը այս հիմնախնդրի հանդեպ աչքի էր ընկնում երեք առանձնահատկություններով:

Առաջինը իրավունքի աղբյուրի դերի թերագնահատումն էր: Բավական է ասել, որ հետպատերազմյան 35 տարիների ընթացքում (1946-1981թ․թ․) տվյալ հիմնախնդրի վերաբերյալ հրատարակվել են միայն երկու ընդհանուր տեսական աշխատանք և կատարվել առանձին իրավական համակարգերի և իրավունքի ոլորտների իրավունքի աղբյուրների աննշան թվով հետազոտություններ:

Նման իրավիճակը բացատրելի է. ընդունելով իրավունքի մեջ ձևի և բովանդակության միասնությունը՝ սովետական գիտնականները հաճախ կամա թե ակամա նախապատվությունը տալիս էին դրա սոցիալ-դասակարգային տեսանկյունների հետազոտությանը: Դա բացատրվում էր մոտեցման երկրորդ առանձնահատկությամբ, ինչն արտացոլված էր երկու տնտեսական համակարգերի միջև գոյություն ունեցող հակամարտությունում՝ որտեղ իրավունքի աղբյուրների զարգացման օրինաչափությունները բխում էին դասակարգային էության մասին թեզիսից: Բնականաբար, նման մոտեցման դեպքում, խորհրդային և սոցիալիստական ճամբարի երկրները պետք է ներկայացնեին իրավունքի աղբյուրների առավել կատարյալ համակարգ: Ինչ վերաբերում է հակառակ ճամբարին, ապա նրանում բացահայտվում էին օրենքի գերակայության սկզբունքից շեղումները և օրինականության ճգնաժամը:

Երրորդ առանձնահատկությունը՝ տվյալ հարցին անհետևողական մոտեցումն էր: Չնայած աշխարհի մյուս երկրներում ընդունվում էր պատմական զարգացման ընթացքում ձևավորված իրավունքի աղբյուրների բազմաքանակությունը, սակայն խորհրդային իրավունքի համակարգի պայմաններում, ըստ էության, իրավունքի միակ աղբյուրը համարվում էր նորմատիվ ակտը: Հետևաբար, «իրավունքի աղբյուրների համակարգ» հասկացությունը սովորաբար փոխարինվում էր «օրենսդրության համակարգ» հասկացությամբ: Իրավական համակարգում իրավունքի աղբյուրների դերի հիմնախնդիրը դուրս էր մղվում իրավունքի համակարգի և օրենսդրության համակարգի հարաբերակցության մասին հարցով:

Եզրույթաբանությունն /տերմինաբանությունը/ ինքը՝ «նորմատիվ ակտ», «լայն իմաստով օրենսդրություն» եզրույթները կարծես ջնջել էին օրենքի և ենթաօրենսդրական ուժ ունեցող ակտերի միջև սահմանը: Վարչա-հրամայական համակարգի պայմաններում նման մոտեցումը բերում էր նրան, որ գործնականում օրենքի գերակայությունը վերածվում էր յուրատեսակ մի վարագույրի իշխող կուսակցության և բյուրոկրատական ապարատի նորմաստեղծ ակտերից օրենքի