Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետևաբար, իրավունքի արտաքին ձևը կարելի է սահմանել՝ որպես իրավական նորմերի գոյության, դրսևորման և փոխակերպման միջոց։

Առանձին գիտնականներ (57, Ա.Ռ. Սուկիյանեն, 58, Ն.Գ. Ալեքսանդրով) ֆորմալ իմաստով իրավունքի աղբյուրներ են համարում իրավական նորմերը հաստատելու պետության գործունեությունը կամ վարչական և դատական նախադեպերը։ Ընդ որում, այդ նորմերի դրսևորման ձևերը դիտարկվում են որպես ձևեր, այլ ոչ որպես իրավունքի աղբյուրներ։

Իրավական նորմերի դրսևորման ձևերը նշելու համար նպատակահարմար է օգտագործել «իրավունքի նորմերի աղբյուր» եզրույթը, այդ դեպքում «իրավունքի աղբյուր» կարելի է համարել իրավունքի սոցիալական պայմանները և նախադրյալները, իսկ «իրավաբանական աղբյուր»՝ իրավասու մարմնի իրավաստեղծ որոշումը նորմատիվ իրավական ակտի, իրավական նորմերի ընդունման, փոփոխման կամ չեղյալ հայտարարելու մասին։ Տվյալ սահմանափակման իմաստն այն է, որ իրավաստեղծ որոշումը չի միախառնվում բուն նորմատիվ իրավական ակտի հետ։

Իրավունքի աղբյուրների հիմնախնդրի եզրույթաբանական տեսանկյունը դիտարկելուց հետո պետք է ուշադրություն դարձնել դրանց դասակարգման և տեսակային բնութագրումների վրա։ Հայտնի են իրավունքի ձևերի հետևյալ հիմնական տեսակները.

Իրավական սովորույթը պատմականորեն իրավունքի առաջին աղբյուրն է, որը կարգավորում է հարաբերությունները պետության կայացման ընթացքում։ Սովորույթ ասելով հասկանում են տվյալ փաստացի հարաբերությունների մշտապես և միատեսակ կրկնվելու հիման վրա ձևավորված վարքի կանոնը։ Սովորույթը իրավական է դառնում պետության կողմից պաշտոնական հավանություն ստանալուց հետո։ Մեզ հասած անցյալի խոշոր օրենսդրական հուշարձաններ, Մանուկ օրենքները, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», «Ռուսսկայա պրավդան» և այլ իրավական սովորույթների ժողովածուներ են։

Իրավական սովորույթի բնույթը բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով։ Այն, որպես կանոն, ունի լոկալ բնույթ, այսինքն՝ կիրառվում է մարդկանց համեմատաբար ոչ մեծ հասարակական խմբերի շրջանակում։ Իրավաբանական սովորույթները հաճախ սերտորեն կապված են կրոնի հետ։ Հնդկաստանում, օրինակ, սովորութային իրավունքը մտնում է հնդկական իրավունքի կառուցվածքի մեջ։

Իրավական սովորույթն առանձնանում է կանոնի որոշակիությամբ, դրա կատարման չընդհատվող և միատեսակ բնույթով։ Իրավական սովորույթի նորմերը հաճախ են արտահայտվում ասացվածքներում, ասույթներում, աֆորիզմներում։

Չպետք է կարծել, որ իրավական սովորույթները հնացած երևույթ են, որոնք ներկայումս կորցրել են իմաստը։ Ինչպես վկայում են նորագույն հետազոտությունները, իրավական սովորույթները լայնորեն կիրառվում են Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի պետություններում հասարակական հարաբերությունների (հատկապես հողային, ժառանգության, ամուսնա-ընտանեկան) կարգավորման ժամանակ։ Այս կամ այն երկրի հինավուրց օրենքների մեջ մտած առանձին սովորույթներ առանց փոփոխության գործում են մինչ այժմ։ Օրինակ, Թաիլանդում մինչ օրս տարածված է այն օրենքը, որը սահմանում է ամուսինների ամուսնալուծության պայմանները՝ մշակված դեռևս սովորույթների ձևավորման գործընթացի ժամանակ։ Ամուսինը և կինը վկաների ներկայությամբ միաժամանակ վառում են միևնույն չափի մոմեր։ Նա, ում մոմը այրվելով կմարի առաջինը, պետք է լքի տունը՝ իր հետ չվերցնելով որևէ գույք։

«Իրավունքի աղբյուր» եզրույթը սովորաբար ունի երկու իմաստ։ Առաջինը բացահայտում է իրավունքի ծագման պատճառը։ Պետությունը հանդես է գալիս հիմնականում իրավաստեղծ ուժով /իրավազորությամբ/, իրավունքում ամրագրելով ժողովրդի կամքը և հետաքրքրությունները։ Մի խոսքով, իրավունքի աղբյուր ասելով պետք է հասկանալ իրավունքի արտահայտման, նրա բովանդակության դրսևորման ձևը։

Իրավունքի աղբյուրի երկրորդ նշանակությանը բնորոշում է նրա իրավաբանական խառնվածքը։ Այս իմաստով այն որոշում է իրավաստեղծ գործունեության արդյունքը։ Ուրեմն, իրավունքի աղբյուր ասելով պետք է հասկանալ իրավունքի արտահայտման և նրա բովանդակության դրսևորման ձևը։