մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար, չի պարունակում իրավական նորմ և սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական կամ համայնքային հիմնարկների համար:
Անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:
Ներքին ակտ է ՀՀ պետական մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ ներքին իրավական ակտ ընդունող մարմին)՝ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրենց իրավասության շրջանակում ընդունած այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար և սահմանում է վարքագծի կանոններ, որոնք տարածվում են միայն անորոշ կամ որոշակի (բայց ոչ՝ անհատական) այն անձանց վրա, ովքեր՝
1) կամ գտնվում են դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, վարչական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ,
2) կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից,
3) կամ դա ընդունող իրավաբանական անձանց հիմնադիրներ (մասնակիցներ, անդամներ, փայատերեր և այլն) են:
Ներքին իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում: Ներքին իրավական ակտում առկա այն դրույթները, որոնք պարունակում են թվարկածներում չնախատեսված այլ անձանց վրա տարածվող իրավական նորմեր, իրավաբանական ուժ չունեն:
Գլուխ 3.2. Կրթական իրավունքի աղբյուրների համակարգը
3.2.1. Մարդու և քաղաքացու կրթության իրավունքի սահմանադրական իրավական հիմքերը
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է, որ ՀՀ-ում ընդունվող իրավական ակտերն են՝
1) ՀՀ Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխությունները, ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումները, ՀՀ կառավարության որոշումները կամ ՀՀ վարչապետի որոշումները (այուհետ՝ ՀՀ օրենսդրություն, օրենսդրություն կամ օրենսդրական ակտեր)
2) ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները, նախարարների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների հրամանները, մարզպետների, Երևանի քաղաքապետի որոշումները կամ կարգադրությունները (այսուհետ՝ գերատեսչական ակտեր).
3) համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի որոշումները, ինչպես նաև տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները (այսուհետ տեղական ինքնակառավարման մարմինների ակտեր).
4) ՀՀ Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ ՀՀ Ազգային ժողովի վավերացրած կամ ՀՀ Նախագահի հաստատած և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը.
5) ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի, ՀՀ տնտեսական դատարանի որոշումները, վճիռները կամ դատավճիռները (այսուհետ՝ դատական ակտեր), ինչպես նաև դատարանների աշխատակազմերի ղեկավարների ընդունած անհատական հրամանները և կարգադրությունները.
6) այլ մարմինների ընդունած անհատական կամ ներքին հրամանները, կարգադրությունները, որոշումները, միջնորդագրերը, կարգագրերը և անհատական ու ներքին այլ իրավական ակտերը