Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտադիր են ինչպես այդ համաձայնագիրը ստորագրածների այսպես էլ այլ շահագրգիռ կողմերի համար: Բոլոր դեպքերում, նորմատիվ համաձայնագրում ամրագրված նորմերի չիրականացման դեպքում, շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան կամ այլ պետական մարմիններ` իր խախտված իրավունքը պաշտպանելու համար:


3.2.15. Կրթաիրավական սովորույթը և դատական պրակտիկան որպես կրթության իրավունքի աղբյուր

Իրավական սովորույթը սովորույթի այն տեսակն է, որի կիրառումն ապահովվում է պետության սանկցիաներով: Այն պետք է տարբերել բարոյական նորմ, կրոնական կանոն, բարքեր հանդիսացող սովորույթներից: Սովորույթի սանկցիավորումը կարող է իրականացվել դատական, արբիտրաժային կամ վարչական պրակտիկայով դրա ընկալման միջոցով: Պետական մարմնի որոշումը, որում սովորույթ է կիրառվում, ընդունվում է համապատասխան պետության կողմից և կարող է հարկադրաբար կատարվել:

Սովորույթներն իրենց բնույթով պահպանողական են: Դրանք ամրագրում են այն ամենը, ինչ ձևավորվել է երկարատև հասարակական պրակտիկայի արդյունքում:

Հաճախ սովորույթն արտացոլում է քաղքենիական նախապաշարմունքներ, ռասայական և կրոնական անհանդուրժողականություն, պատմականորեն ձևավորված սեռերի անհավասարություն: Պետությունը միանգամայն արդարացիորեն արգելում է նման սովորույթները` քաղաքացիների սոցիալական անվտանգության և անձնական բարեկեցության ապահովման նպատակով:

Տարբեր սովորույթներին պետությունը վերաբերում է տարբեր ձևով` արգելում է մի մասը, խրախուսում և զարգացնում է մյուսները: Իրավական սովորույթները այս կամ այն չափով երկարատև գոյություն կարող են ունենալ իրավական կարգավորման միայն մի քանի ոլորտներում: Երբեմն հանդիպում են գործարար սովորություններին արված հղումներ: Ընդ որում, հարկ է նշեl, որ սովորութային նորմի բովանդակությունը ուղղակիորեն չի ամրագրվում օրենքի կամ այլ նորմատիվային ակտի տեքստի մեջ: Հազիվ թե իրավացի է նաև Ս.Լ. Զիվսը, /61/ հավաստելով, որ մեր օրենսդրությունն ընդհանրապես չի ճանաչում իրավական սովորույթը: Հայրենական օրենսդրությունը թույլատրում է օգտագործել սովորույթներն իրավաբանական պրակտիկայում: Պետությունը սանկցիավորում է միայն այն սովորությունները, որոնք չեն հակասում և համաձայնեցված են իր քաղաքականության, ձևավորված կենսակերպի բարոյական հիմքերի հետ:

Պետական իշխանական քաղաքականությանը, համամարդկային բարոյականությանը հակասող սովորույթները, որպես կանոն, օրենքով արգելվում են: Օրինակ, Հայաստանի իրավունքի զարգացումը հազիվ թե գնա սովորույթների աղբյուրների համակարգից պաշտոնապես-ուժային դուրս գալու ուղիով: Հավանաբար, շուտով կարելի է սպասել նոր շուկայական սովորոյթների առաջացմանը, դրսից ներթափանցմանը, որոնք կկարգավորեն հարաբերությունները իրավաբանական նորմերից առաջ և նրանց հետ միասին:

Միջազգային իրավունքում սովորույթը ոչ միայն ավանդական նորմերի դրսևորման ձև է, այլ նաև պետությունների վարքի նոր իրավաբանական պարտադիր կանոնների ստեղծման կարևոր միջոց` իրավական կարգավորման կարիք ունեցող միջպետական հարաբերությունների այդ նոր առաջացող ոլորտներում: Այն հանդիսանում է ժամանակակից և ակտիվ գործառնող իրավունքի աղբյուր: Հետևաբար, պետք է նկատի ունենալ, որ սովորույթի հայեցակարգն այն տեսքով, ինչ կիրառվում է միջազգային պրակտիկայում և դիտարկվում միջազգային իրավունքի ուսմունքում դոկտրինում, քիչ ընդհանրություն ունի իրավունքի ներքին, ազգային համակարգերում այդ աղբյուրի առանձնահատկությունների վրա հիմնված սովորույթի մասին պատկերացումների հետ: Ե'վ տեսական, և' գործնական տեսանկյունից անհրաժեշտ է տարբերակել սովորույթը` որպես միջազգային իրավունքի նորմերի ստեղծման գործընթաց և սովորույթը` որպես այդ գործընթացի արդյունք, այսինքն` որպես միջպետական պրակտիկայում ձևավորված իրավաբանորեն պարտադիր վարքի կանոն: