Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՀ կրթության ոլորտն աչքի է ընկնում իր հարաբերությունների տարողունակությամբ: Լայն իմաստով հայկական դպրոցն ունի կրթական հաստատություններում ձևավորված այնպիսի սովորութային կարծրատիպեր, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ:

Կրթական սովորույթը պետության կողմից վավերացված վարքի կանոն է, որը ձևավորվել է մարդկանց գործողությունների տևական կրկնողության արդյունքում և ամրապնդվել որպես մարդկանց հետ առնչվելու կայուն ձև 35:

Կրթաիրավական սովորույթը կրթության բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոն է, անկախ դրա՝ որևէ փաստաթղթում ամրագրված լինելու հանգամանքից:

Օրենսդրության պարտադիր դրույթներին կամ կրթական պայմանագրին հակասող կրթաիրավական սովորույթները չեն կիրառվում: Դրանք հիմնականում դաստիարակչական բնույթի հարաբերություններ են, որոնք օրենքով չեն կարգավորվում: Կրթական իրավունքի և օրենսդրության զարգացման հետ մեկտեղ հնարավոր է, որ սովորութային որոշ նորմեր օրենսդիրը տեղափոխի կրթաիրավական հարաբերությունների դաշտ և սահմանի օրենսդրությամբ:

Մենք տեսանք, թե կրթական իրավունքի գործող աղբյուրների ամբողջությունը որքան ծավալուն է: Կրթական ոլորտում հաշվվում է մոտ 2000-ից ավելի իրավական ակտ և նորմատիվ պայմանագիր: Միայն հանրապետական մակարդակում վերջին ութ տարում ընդունվել է ավելի քան 50 նորմատիվ իրավական ակտ:

Կրթական հարցերի վերաբերյալ իրավունքների աղբյուրների առատությունը վկայում է այն մասին, որ կրթական իրավունքը և օրենսդրական աղբյուրները բավականին ամբողջական իրավական ծածկույթ են ապահովում: Ինչ խոսք, այս փաստը հնարավորություն է տալիս որոշ մասնագետ իրավաբանների իրենց պատկերացումներում փոխել հայացքների կարծրատիպերը՝ կրթական իրավունքի ինքնուրույն ճյուղ լինելու մասին:

Իհարկե, կրթական իրավունքի գործող աղբյուրների համակարգը հեռու է իդեալական վիճակում լինելուց և կատարելագործման կարիք ունի: Հաստատությունների և կազմակերպությունների բազմազանությունը, որն իրավազոր է իրականացնել կրթական հաստատությունների նորմատիվ իրավական կարգավորումը, անխուսափելիորեն ստեղծում է լրացուցիչ արգելքներ իրավունքի նորմերի համակարգի ամբողջական և տրամաբանական ուղիների ստեղծման համար: Անհանգստություն առաջացնում են կրթության իրավունքի աղբյուրներում առկա չորս դեռևս անբավարար չափով լուծված խնդիրներ՝

1. ՀՀ օրենսդրական նորմերում հակասությունների առկայությունը,

2. ՀՀ օրենսդրության մաքրությունը,

3. կրթական իրավունքի նորմերի շոշափելի հատվածների ընդամենը հռչակագրային բնույթը,

4. կրթական օրենսդրության համալիրայնության՝ կոդիֆիկացված չլինելը /«ՀՀ կրթության մասին» օրենսգրքի բացակայությունը/:

Կրթական իրավունքի աղբյուրների համակարգը ոչ ամբողջական կլինի, եթե կրթական ոլորտում գործող օրենսդրական աղբյուրներից զատ չդիտարկենք նաև կրթական իրավունքի միջազգային աղբյուրները:

Ինչ վերաբերում է կրթական սովորույթին և դատական պրակտիկային, դրանք իրավունքի աղբյուր չեն կարող հանդիսանալ: Սակայն սրանց նշանակությունը խիստ կարևոր է հանրապետության ողջ տարածքում կրթական հարաբերությունների միատեսակ կարգավորում ապահովելու և կրթական հարաբերությունների մշտադիտարկման, վերլուծության և գնահատման համար, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կրթական օրենսդրությունը պարբերաբար, ըստ անհրաժեշտության, կատարելագործել:


3.2.16. Կրթական իրավունքի միջազգային աղբյուրները

Թեև մարդու իրավունքների հարգման և պահպանման գաղափարն ունի վաղեմի պատմություն, այնուհանդերձ, այն միջազգային հանրության կողմից որպես սոցիալական բարձր արժեք