Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ Խոսրով արքան փախավ և Դկլաթով անցավ գընաց Վեհկավատ, ապա հրամայեց կտրել կամուրջների կապերը։ Հերակլեսը վրա հասավ ու բանակեց Տիզբոն քաղաքի մոտերքը և ավերեց ու այրեց թագավորի բոլոր ապարանքները, ձեռք գցեց կուտակված ոսկու և արծաթի բաղում գանձեր, հանդերձանք, բազում անասուններ ու ծովի ավազի պես անհամար գերիների բազմությունը: Այնտեղ՝ Վեհկավատում էին նաև արքայի տիկնայք, հարճերը, բոլոր որդիներն, ինչպես և արքունի ձիերը։ Խոսրով արքան սկսեց հավաքել մյուս նախարարների զորքը, ինչպես նաև պատերազմից փրկված զորքը։ Նրանց հետ խոսեց մեծ խստությամբ, սպառնալիքներով, թե «Ինչո՞ւ չսպանվեցիք պատերազմում , այլ փախաք ինձ մոտ և համարձակություն տվեցիք իմ ծառային՝ հասցնելու ինձ այսքան վնասներ։ Մի՞թե Խոսրովին մեռած էիք կարծում»։ Այնժամ բոլորը միակամ համաձայնեցին ու ասացին միմյանց. «Թեպետ թշնամիներից ապրեցինք, բայց փրկություն չունենք սրա ձեռքից։ Ուրեմն եկեք մի բան մտածենք»: Այնժամ միաբանեցին երդմամբ, գնացին և գիշերով անցան շարժվող կամուրջը, մտան Վեհկավատ, ձերբակալեցին արքայի բոլոր կանանց, հարճերին, որդիներին, վերցրեցին արքունի ձիերը, որոնցով Խոսրով արքան եկել էր Տիզբոն։ Այնուհետև դրանց գաղտնաբար դուրս հանեցին գիշերով, իսկ Խոսրով արքան տեղյակ չէր ոչնչի: Նրա որդի Կավատին նստեցրին գահին, և նա դիմեց [Խոսրովի] վրա։ Ապա ինչ-որ մեկը եկավ և փութապես գուժեց Խոսրովին, թե «արյաց ամբողջ երկիրն ապստամբել է քո դեմ, թագավոր են դարձրել քո որդի Կավատին և ահավասիկ նա գալիս է քեզ վրա»։ Խոսրովը ահից վեր թռավ, զարհուրանքով ու սաստիկ դողդողալով փախչելու տեղ էր որոնում և աղաղակում՝ «ձի, ձի», բայց մտան ախոռ, ձի չգտան։ Այնժամ Խոսրովը ծպտված մտավ արքունի պարտեզի թավ պուրակները և թաքնվեց մրտենիների խիտ թփերի ու ծաղիկների տակ։ Կավատ արքան հրամայեց փնտրել նրան։ Մտան պարտեզ և գտան նրան թաքնված խիտ թփերի տակ։ Ձերբակալեցին և բերեցին արքունի ատյան։ Կավատ արքան հրամայեց նետել նրան արքունի սենյակներից մեկը։ Նրա մոտ մտան նախարարներ, խոսեցին խստությամբ, նախատեցին, անարգեցին ու գնացին։ Այսպես շարունակվեց մի

- 113 -

Պատմություն Արծրունյաց տան