Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սրանց օգնություն հասավ նաև մի հովիվ։ Պարսատիկներով քարեր էին նետում [թշնամիների] վրա: Մարտի դաշտում շատերն առաքինացան մեծ ուժով ու քաջ նահատակությամբ: Նրանց հիշատակը նպաստ կլինի շատերի քաջության արթնացման համար և անարիներին կտա զորություն, կխրախուսի քաջ նահատակներին։

Այն ժամանակ բռնվել էր ինչ-որ մեկը՝ Վահևունյաց ազատանի տոհմից, ոմն Ապուսահակը՝ Նախճավան ոստանի և Մարդպետականի եպիսկոպոս Սահակի եղբայրը։ Մարմնով ծերացել էր, արտաքնապես ալևոր, բայց ներքինը նորոգ էր ու դեղեցկատեսիլ՝ նման արարչի պատկերին։ Տեղյակ էր ու հմուտ աստվածաշունչ գրքերին։ Նստում էր նեղ ու ցածր ճանապարհին, որը տանում էր դեպի վերին մայրաքաղաք Սիոնը, երկնային զորքի բանակատեղը ե Քրիստոսի թագավորության արքայանիստը։ Սրան բերեցին Ժիրաք զորապետի առջև, որը տեսավ նրա վայելուչ ու բարձր հասակը, դեմքի պատշաճ գեղեցկությունն ու արուսյակի նման փայլփլող գույնը՝ սպիտակափայլ ու պատկառելի մազերով։ Նա դուր եկավ զորապետին, որն սկսեց դեպի նրան մղել ժահահոտ, հիմարեցուցիչ ու մաղձախառն թույնը, որպեսզի թերևս կարողանա գցել երանելիին մահածին հնազանդության պղտոր ու խաբեպատիր աղտեղության մեջ։ Սպունգով ծածկելով կապարճի նետերը, իր մեռցնող զորությունը նետեց սրբի դեմ, թե միգուցե փոքր-ինչ սասանի նրա ապաստանի միջոցը՝ հաստատուն վեմը, որպեսզի գաղտնի մոլորեցնի սրբի հոգին, որը զրահված էր վերուստ եկած սուրբ հոգով և որպես սուսեր, մեջքին էր կապել տիրոջ պատգամը, որն ասում է. «Երբ ձեզ մատնեն, մի հոգացեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, քանզի ես ձեզ կտամ բերան և իմաստություն, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարող հակառակ կանգնել կամ պատասխան տալ»։

Բռնավորն սկսեց ասել ողոքական խոսքեր, հրամայեց առաջ բերել մեծամեծ պարգևներ ու պատիվներ, խոստացավ շքեղ ու երևելի դարձնել արքունի պալատի ամբողջ բազմության մեջ և թագավորի առաջ՝ առաջին իշխանների հետ, բարձակից դարձնել թագավորի մեծամեծներին և այնտեղի

-145-