Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զորքի մի մասը տվեց Ժիրաք անունով ինչ-որ զորապետի ձեռքը և հղեց նրան Ռշտունիքի կողմերը: Իսկ զորքի մնացած բազմությունը վերցրեց իր հետ և գնաց դեպի Ապահունիք: Առյուծների կամ նրանց նման ուրիշ [կենդանիների] որսորդների պես [Աշոտի] շուրջը ձգեցին արգելաններ, որպեսզի շրջափակեն կորովի և քաջ տղամարդուն՝ իշխան Աշոտին: Կասկածում էին, թե միգուցե ճողոպրի իրենց ձեռքերից կամ գիշերով հանկարծակի հարձակվի իրենց վրա և գործի մեծամեծ ոճիրներ։ Բայց քանի որ Հողցի պահպանությունն ամուր էր, Ժիրաքը փութապես եկավ հասավ Ռշտունյաց գավառ և զորքն առաջ շարժեց Առվանից ձորը՝, Մոկաց կողմերը։ Այնտեղ գտան Ռշտունիքի բնակիչներին, որոնք թափառական ընկել էին անողորմ, արյունարբու և գիշակեր շների ձեռքը։ Նրանց սրակոտոր արեցին և արյամբ լցրեցին երկիրը։ Կեսին գերի վեցրեցին և տարան իրենց հետ, հրդեհեցին շեներն, ավաններն ու ագարակները, դարձրեցին մարդկանցից և անասուններից անբնակ։ Իսկ Ռշտունիքի Նորագեղջ ավանի ռամիկներին վերցրեցին բերեցին Ռշտունյաց Ոստանի վաճառատեղին, չվանն անց կացրեցին պարանոցները և սրի քաշեցին, ապա այնտեղից գնացին Ածանա ձոր, փախստականներին որոնելու համար։ Հասան ետևներից և սրի քաշեցին ու գերի տարան նրանցից շատերին:

Բայց սուրհանդակների գլխավորներից ինչ-որ երկու եղբայրներ հասան ձորի կիրճը, վահանները դրեցին թիկունքներին, ձեռքերին բռնեցին նիզակները, կապարճներում՝ նետեր և դիմահարեցին [թշնամի] զորքին։ Աստծո օգնությունը հասավ նրանց, և պարտության մատնեցին այլազգիներին, վիրավորեցին շատերին, գերիների բազմությանն ազատեցին գնալու երկրի ամրոցները։ Սրանցից մեկի անունն է հայտնի...որով և կատարվեց [Սողոմոն իմաստունի ասածը]՝ «եղբայրը եղբորը կօգնի, ինչպես ամուր և անառիկ քաղաքը»: Եվ ըստ Եսայիի՝ «Մեկի խոսքով կկորչեն հաղարներ, և հնգի խոսքերով շատերը կփախչեն»։ Շապուհ անունով մի երեց և ձորի ռամիկներից ինչ-որ մեկը, զորագունդ կազմեցին:

-144-