Jump to content

Էջ:Tsaghkepunj.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ում կամքն է խիզախ
Ու խոսքը անվախ, անվեհեր,
Ում գործն է հզոր,
Ու անունը հավերժ անմեռ։

Իմ ծաղիկները խնամում եմ
Հենց նրա համար,
Որ կապեմ շքեղ մայիսյան
Հաղթական կամար։

Զարդարեմ ուղին
Հզոր գալիքի,
Ուր չենք հանդիպի մենք
Ցավ ու կարիքի։

ԻՄ ԲԱԼԻԿԸ

Լեզվին մատաղ իմ բալիկի՝
Ծիծեռնակ է ծլվլան,
Ուշ ու միտքը խաղալիքի՝
Թիթեռնիկ է թռվռան...
Երգ ու տաղը շրթունքներին
Հա կվազի, կխնդա,
Կամ կնստի գիրք կթերթի
Իբրև թե հա՜ կկարդա։
Ծաղկի նման միշտ նախշունիկ,
Ուրախ, զվարթ, ծիծաղկոտ,
Ո՞վ կա էսպես Հոկտեմբերիկ՝
Համ խիզախ, համ կրակոտ։