Jump to content

Էջ:Tsaghkepunj.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարմիր արևն է աջ թևս,
Կանաչ տերևն է ձախ թևս,
Գույն-գույն վարդը՝ իմ սրտիկը,
Ծիլ-ծաղիկը՝ իմ փետրիկը։
— Ծի՜վ, ծի՜վ,
Այ արևիկ,
— Ճի՜վ, ճի՜վ,
Այ տերևիկ,
— Ծի՜կ, ծի՜կ,
Այ գույն-գույն վարդ,
— Չի՜կ, չի՜կ,
Այ ծիլ-ծաղիկ։—
Ինձ տվել եք երկու թևիկ
Երկու թևիկ,
Ինձ տվել եք փոքրիկ սրտիկ,
Փոքրիկ սրտիկ,—
Երկու թևիկ,
Փոքրիկ սրտիկ,
Ճը՜ռռռ, վը՜ստ,
Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ,
Թըռռռ ֆըշտ,
Ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ...


ԹԻԹԵՌԻ ԵՐԳԸ

Թելիկ-մելիկ մի թեթև
Թռվռացող թիթեռ եմ,
Ունեմ երկու նախշուն թև,
Ողջ աշխարհին ես տեր եմ։

Ամբողջ օրը իմ քեֆին
Թռչկոտում եմ դեսուդեն,
Ի՞նչ եմ տվել իմ թևին,
Որ չթռչեմ ուր կուզեմ։