Ծատուրյանը, այլև Իսահակյանը, Թումանյանը և Հովհաննիսյանը... Տերյանից հետո ոճական վայելչության պահանջը խիստ ուժեղացավ»։ Այդ կարծիքը հայտնվել է բազմիցս (նաև սովետահայ գրականագիտության մեջ)։ Իհարկե, ասվածը բառացի չպետք է հասկանալ ճիշտն այն է, որ Տերյանի բարձր արվեստով, պոետական նուրբ կուլտուրայով և գրական հարուստ ու արտակարգորեն մշակված հայերենով գրված բանաստեղծությունները ստիպում էին նույնիսկ մեծ ժամանակակիցներին նորից աչք ածել իրենց «պոետական տնտեսությանը», ավելի ձգված զգալ։ Տերյանը ավանդույթ դարձրեց խստապահանջությունը բանաստեղծական բարձր տեխնկայի նկատմամբ:
Գրականության պատմությանը ծանոթ են առանձին գրողների ու գրքերի բացառիկ, բայց կարճատև փայլատակումներ։ Դրանք մոդայական ու վաղանցիկ հրապուրանքներ են, էստրադային հաջողություններ։ Տերյանի հմայքն ու փառքը այդ տեսակներից չէին։ Նրա պոեզիայի բերած նորը ժամանակի հետ ավելի հարստացավ ու բազմազան երանգներ ստացավ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ», «Երկիր Նաիրի» և մյուս շարքերում։ «Մթնշաղի անուրջներ»-ի տպագրությունից տարիներ անց՝ 1913-ին Ավ. Իսահակյանը գրել է Տերյանին. «Հիմա քո հազարն է» — քո տիրապետության ժամանակը։ Էլ ավելի ուշ՝ 1917-ին, խոսելով «ռուսահայ բանաստեղծության» երեք շրջանների մասին, Հովհ. Թումանյանն ասել է. «1908 թվականին...– Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջներ»-ը ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ»։
Տերյանի պոեզիայի անանցանելի հմայքի մասին խոսել են նաև Չարենցը և շատ ուրիշներ։ Սակայն թե ինչ կատարվեց նրա ժամանակակից հետևորդների հետ, կարելի է միայն երևակայությամբ պատկերացնել։ Դեռ Բելինսկին է ասել, թե մեծ գրողը երիտասարդ գրողներին ստիպում է իր նվագի տակ պարել։ Տերյանի նվագի տակ պարողներն այնքան շատ էին, որ և՛ իսկական գրողներին, և՛ նվագողին դժգոհություն ու զայրույթ էին պատճառում։ Ժամանակի մամուլը հեղեղվել էր տերյանական բանաստեղծություններով ու բանաստեղծներով։ Տերյանի նման գրելով, նրա մոտիվները երգելով երազում էին նրա փառքը։ Թերթերն ու ամսագրերը ողողված էին անուրջներով, տխրություններով, երազանքներով — նույնիսկ Տերյանի վերնագրերն էին վերցնում, «տերյանական» բառերից գրական անուններ ընտրում։ Սակայն հին խոսքը պահում էր իր ուժը. «բազումք են կոչեցեալք և սակաք՝ ընտրեալք»։ Տերյանը կանգնած էր սեգ բարձունքում, հետևորդները քրտնամխած, գրիչ ու թուղթ առած ձգտում էին դեպի արևոտ կատարը, սակայն չէին կարողանում կտրել նրա անցած ճանապարհի տասներորդականներով չափվող մասը։ Եթե Տերյանի արգասավոր ազդեցությամբ իր առաջին գործերը կերտած Ե. Չարենցը հսկայաքայլ գնում էր դեպի պոետական առնականացում, ապա ինքնակոչ հետևորդներից շատերի մոռացումն ու Տերյանի տաղանդի փթթումը հակադարձ համեմատական էին։ «Տերյանի նման» գրողներին պակասում էր գլխավորը՝ նրա արվեստը, նրա երգած զգացմունքների խորությունը, անկեղծությունը, անմիջականությունը, այն, ինչով Տերյանը տարբերվում էր «Տերյանի պես» գրողներից։
Տերյանի մեծատաղանդ հետևորդները դժգոհում էին նրա էպիգոններից.