Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում:
. . . . . . . . . . . . . .
Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրշում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ:


Մեծ քաղաքի մայթերը մաշող և ցուրտ մշուշի մեջ մեղմորեն արտասվող քնարական հերոսը նորություն էր հայ գրականության համար։ Բնորոշ են նույնիսկ վերնագրերը՝ «Fatum», «Սենտիմենտալ երգ», «Էստոնական երգ», «Կարուսել», «Փողոցի երգը», «Ձեռներում ձեր մանրիկ, նվագուն», «Մեդուզա», «Resignation», «Ախ, Բուզուլուկ քաղաքում», «Փողոցում», «Քաղաք», «Ա՜խ, դեռ հնչում է քնքուշ մուզիկը», «Այնպես բարակ են ձեր մատները, տիկին», «Նոկտյուրն», «Որպես մադամ Բովարին», «Պետերբուրգ», «Փողոցներն ահա դադար են առնում», «Փողոցներում անհամար» և այլն: Տերյանի քնարական հերոսը նոր է նույնիսկ այն ժամանակ, երբ հանդես է գալիս «Տխրություն» կամ «Շիրակի դաշտերից» վերնագրված բանաստեղծություններում։ Նա նոր է ընկալումով, հոգեբանությամբ։ Դրա համար բավական է համեմատել, օրինակ, Պռոշյանի հերոսների սիրային «բացատրությունները» կամ հենց Տերյանի անմիջական նախորդ Իսահակյանի երգած բեզարած մաճկալին սպասող գեղջկուհու խոսքն ու ժեստը «Մթնշաղի անուրջներ»-ի անուրջ կույսի նրբանուրբ շարժումների ու մեղմ շշուկի հետ։

Հ. Հովհաննիսյանի «երկնային հրեշտակ» «սիրականը» իր «մեղր շրթունքներով», «վարդ թշերով» ու «շամամ ծծերով» և Տերյանի «ցնորք աղջիկն» ու «ցնորքների դիցուհին», «հրաշք աղջիկն» ու «արշալույսի պես հայտնվող» «կույսը» (նույնիսկ մի կարճ ժամանակ «պոետին գլխից հանած» «մեդուզան» իր «ահեղ գգվանքներով» ու «մութ ցանկությամբ») տարբեր անհատականություններ են։ Տերյանի պոեզիայում սերն էլ, վիշտն էլ, արևածագի ու գարնան սպասումն էլ ուրիշ ձևերով ու եղանակներով, արտահայտչական ուրիշ միջոցներով են երգված։ Տերյանը մեր ամենից ինքնատիպ գրողներից է։ Անհնար է նրա ձայնն ու շունչը իսկույն չտարբերել, նրա տողն ու խոսքը շփոթել ուրիշի հետ։ Այդ է պատճառը, որ նա ասում, իսկ Թումանյանը հաստատում է, որ «Մթնշաղի անուրջներ»-ը նոր խոսք է, «նոր երգ», «գրեթե բոլորովին նոր բաներ»։ Իհարկե, Տերյանի քնարական հերոսը շատ բան ունի անցյալից, դրա մեջ է նրա կապը մեր գրականության ավանդների հետ։ Եվ դա հասկանալի է. նորարարությունը ավանդների անտեսում չէ, խզում չէ, այլ օգտագործում և նորի ստեղծում։

Այս ամենն էր պատճառը, որ Տերյանը, ինչպես նշել է Իսահակյանը, «իր հայտնությամբ գլխավորեց մեր լիրիկան»։ Տերյանը,— ասել է Թումանյանը,— հանդես եկավ մեր բոլոր պոետներից ամենից կազմակերպված։ Եվ խիստ հազվադեպ երևույթ՝ իսկական գիտակները խոսում էին «նոր բանաստեղծի» ոչ այնքան կրած, որքան թողած ազդեցությունների մասին։ «Երևույթն այնքան ուժեղ էր և հմայիչ,— ասել է ժամանակակիցը,— որ Տերյանի պոեզիայով ներշնչվեցին, նրա ազդեցությունը կրեցին անգամ ավագ սերնդի բանաստեղծները՝ ոչ միայն