Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9

ՎԵՐՋԱԼՈԻՍԻՆ

Բարակ ամպերը մաղում են ոսկի,
Ջրերը անուշ հեքիաթ են ասում.
Կարոտ է սիրտըս մտերիմ խոսքի,
Հոգնատանջ հոգիս բախտ է երազում...

Լռին դաշտերի հանգիստը խոսուն
Մի հեզ տխրության լույս է ստվերում.
Խաղաղ ջրերի վճիտ ալմասում
Դողում է ոսկե ամպերի հեռուն։

Եվ իմ սրտի մեջ, այն խավարում էլ,
Մի քաղցր վիշտ է մեղմաբար խոսում.
Մեկը այնտեղ իր հեռուն է վառել,
Որպես երկինքը ջրի ալմասում։

Քո քաղցր վիշտը, սիրտ իմ մենավոր,
Քո վիշտն է փռված անհուն աշխարհում,
Քո սերն Է վառված և պայծառ և խոր,
Քո խենթ կարոտն է ամեն տեղ լռում...

[1912]