Սիրո վեհացնող ուժի ու բյուրեղյա մաքրության երգչին խորթ են կոպիտ զգայականությունը, պագշոտ ու տարփատենչ զգացումները, «տռիփի գրկաբացումները» (Մեծարենցի արտահայտությունն է)։ Տերյանի պոեզիայում նրբությունն ու մեղմությունը, իհարկե տարբեր երանգներ են ստանում տարբեր շրջանի երգերում, բայց մնում են իբրև հիմնական որակ։ Կարելի է օրինակներ բերել և՛ իրական-ապրված սիրո երգերի, և՛ չարաճճի կատակների (դրանցից մեկը վերնագրված է «Հանաք»), և՛ երբեմն բավական համարձակ բաց խոսքերի, բայց ոչ որոշ սիմվոլիստների՝սեռական էքստազի հիվանդագին երգերը հիշեցնող բանաստեղծությունների (ինչպես երբեմն ասել են)։ Տերյանի սիրերգները նրա հոգեկան մաքուր ու գեղեցիկ աշխարհի արտահայտություններ են, Մեծարենցի բառով ասենք՝ «սրբահույզ» սիրո արտահայտություններ։
Մեծ է Տերյանի սիրո քնարի, քնարերգության այդ «ամենասուբյեկտիվ» մոտիվի հասարակական հնչեղությունը.
|
«Ցնորք» բանաստեղծության մեջ Տերյանը դատապարտում է «հաշվով սերը». Այո՛, սերն «անօգ է», «անզոր մանուկ մի»։ Տերյանի սիրային լիրիկայում արտացոլված է նրա դժգոհությունը բուրժուական աշխարհից։ Երջանիկ սիրո երազանքը հակադրվում է բուրժուական հարաբերություններին: Այդ աշխարհում այն ամենը, ինչ առաջ փոխատրվում էր ու նվիրվում, դառնում է փոխանակության ու առևտրի առարկա, կապվում է «հաշվի» հետ: Հայտնի է Զոլայի խոսքը՝ 17-րդ դարի հերոսական և 18-ի զգայական սիրուն 19-րդ դարում փոխարինել է «հաշվով սերը»։ Դա ևս բուրժուական, «զարհուրելի եսամոլության դարի» (Գոգոլ) «նվաճումներից» էր։ Տերյանը իր սիրո քնարի խորը մարդասիրությամբ ու անհիշաչարությամբ հիշեցնում է համաշխարհային մեծ սիրերգակներին: Նա էլ(հիշենք Թումանյանի խոսքը Սայաթ-Նովայի մասին) սիրո լույսի տակ է տեսնում աշխարհն ու իրերը, միշտ մնալով «արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը», Տերյանի երգած սերը ոչ միայն վեհ ու սուրբ զգացմունք է, այլև հոգին ունայն ու մանր հոգս–հաշիվներից մաքրող, կյանքը գեղեցկացնող, իմաստավորող ու հարստացնող, մարդասիրական, բարձր գաղափարներներով համակարող ուժ:
Մեծ է սիրո, մարդկային այդ ամենից վեհ ու նվիրական զգացմունքներից մեկի «բանաստեղծական արտահայտության» գեղագիտական և հասարակական դերն ու նշանակությունը: Դիտվել է, որ սերը (ուրեմն և նրա պոետական արտահայտությունը՝ սիրո քնարերգությունը) իդեալացնում, աստվածացնում է սիրո առարկան ու քնքշացնում, ազնվացնում է մարդուն, թռիչք ու ձգտում է տալիս նրա հոգուն: Այդպիսի ազնվացնող, քնքշացնող և «թռիչք ու ձգտում» տվող ուժով է օժտված Տերյանի սիրո լիրիկան:
Տերյանի ինչպես սիրո քնարերգությանը, այնպես էլ ամբողջ պոեզիային հատուկ են թախիծն ու տխրությունը: Բնորոշ է նրա բանաստեղծությունների