առաջին ժողովածուի աոաջին իսկ բանաստեղծության վերնագիրը՝ «Տխրություն»։ Ի՞նչ առիթ ուներ բանաստեղծն ուրախ լինելու, երբ նաիրյան հողն արյամբ էր ուռճանում, երբ բուրժուական աշխարհի գայլամարդկանց ցուրտ ու պաղ միջավայրում խոցոտվում էր նրա ազնիվ սիրտը, խեղդվում լավի համար այրվող հոգին։
1905-ին մի առիթով ներկա լինելով գյուղացիների տոնախմբությանը և լսելով նրանց երգերը, Տերյանը ցավով նկատել է. «Ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՛նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված։ Ի՜նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են։ Բայց ի՜նչ թախծոտ ուրախություն է այս։ Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՛նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ։ Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով»։
«Դարերի տառապանքը»,— ահա մեր գրականության տխուր նվագների հիմքն ու հողը: Այդ հողից է սնվել նաև Տերյանի տխրությունը։ Այն թույլ ու ընկճված հոգու նկուն ողբ չէ, ոչ էլ սիրած իրականության կորստի պատճառած վիշտ, ողբասացություն կործանվող արժեքների համար, այլ իրականության հետ անհաշտ պոետի խոր և ազնիվ տխրություն։ Իսկական ու մեծ արվեստագետները անցյալում միշտ էլ դժգոհ են եղել իրենց ժամանակից և ձգտել են նոր ու լուսավոր ափեր։ Հակառակ միջակի սակավապետության ու սահմանափակության, մեծը միշտ վեր է սավառնում՝ նոր հորիզոնների կարոտը սրտում։
Անցյալի գրականության խոշորագույն դեմքերի տխրության ու վշտի պատճառը կյանքի բուռն կարոտն է, կենսասիրությունը, աշխարհն ու մարդուն ազատ ու երջանիկ տեսնելու ցանկությունը: Այդպիսի տխրությունը մղում է որոնումների, սնում է լուսավոր մտքեր ու երազանքներ։ Վատի ժխտումը և լավի կարոտն ու երազանքը անբաժանելի են։ Պետք է տարբերել լավ կյանքի կարոտի թախիծն ու տխրությունը, նույնիսկ հիասթափությունը հոռետեսությունից։ Հիասթափությունը կյանքի մասին լավ պատկերացումից է ծնվում, հոռետեսությունը՝ վատ։ Հոռետեսը պնդում է, որ կյանքը հենց այդպես վատ է, դժոխք, հիասթափվածը ցավում է, տանջվում, որ կյանքը այդպես վատ է։ ճիշտ չէ մի ժամանակ գրականագիտության մեջ բավական տարածված այն կարծիքը, թե մեզ հետ ոչինչ չունեն անցյալում թախիծ ու տխրություն երգած գրողները, թե այդ երգերով նրանք կապվում են (կամ տուրք են տալիս) անկումայնությանը։
Սովետական մարդուն խորթ չեն մարդկային զգացումներից որևէ մեկը՝ փոխադարձ սիրո զմայլանքն ու անփոխադարձի տվայտանքները, մերձավորի անհաջողության պատճառած ցավը, անցած պատանեկության ու երիտասարդության առթած կարոտն ու ափսոսանքը, հազար ու մի տեղից սնված թախիծն ու տխրությունը։ Թախծի ու տխրության հարցը թերևս ամենից լավ Չարենցն է լուծել՝
|
Այո՛, ոգի սրբող ու ջինջ թախիծ և ստեղծագործող տխրություն։
Տերյանը որոնել է մեծ ճշմարտությունը, արյունոտված սրտով ողբացել