Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

18

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին,
Եվ տաղտկալի է այս ուղին մոլոր.—
Չըհիշե՞լ, մերժե՛լ տենչերըս բոլոր
Եվ ցնորքներըս, որ ինձ խաբեցին։

Անհուսություն և անվերջ վհատում
Եվ դառնություն է լցված իմ հոգում.
Փռված է խավար և մահ և անկում.—
Ավերվա՛ծ ես դու, հայրենական տուն...

Որքան էլ գիշերն ահավոր իջնի,
Եվ ուր էլ գնամ՝ գլուխ դնելու
Հարազատ մի հող ես չեմ գտնելու
Սև ճանապարհիս օրերում դժնի։

Տանջանք են ու խոց հուշերըս բոլոր,
Մըտքերըս ամեն — անամոք ցավեր.—
Խավար է շուրջրս և մահ և ավեր,
Մութով է լցված իմ ուղին մոլոր...

Ու քանի գնում՝ այնքան անհատնում
Այնքան ցավոտ են խոհերըս անհույս.—
Դու չիկաս արդեն, դարձել ես զրույց,
Երազ ես դարձել — հայրենականն տուն...

Ահ, այս ցուրտ երկրի անհայտում անհուն
Ընկնել և կորչել և ննջել հավետ,
Ոչնչանալ ու մոռացվել քեզ հետ,
Ավերված երազ — հայրենական տու՜ն...


[1912]