Մարիր լույսը մշուշոտ,
Սև հույսերըդ արձակիր,
Դու իմ դահիճ, դու իմ քույր,
Դու իմ ընկեր տարագիր,
էլ մի՛ կրկնիր, մոռացի՛ր
Խոսքերն անմիտ ու պատիր,—
Լուռ տանջանքով, խավարով
Փայփայիր ու փարատիր...
Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր,.
Մեղսոտ սիրով սիրիր ինձ,—
Մեխիր սուրըդ կուրծքըս բաց,
Թող թույն լինի և թախիծ։
Արդեն գիշեր, արդեն մութ,
Անանց խավար է արդեն,—
Եղիր հզոր և անգութ,
Չար ժըպիտով ել իմ դեմ...
Երգի՛ր խավար և անկում,
Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր,—
Այրիր սիրտըս, թող լինի
Այնտեղ ավեր ու մոխիր։
Ցուրտ համբույրով համբուրի՛ր,
Այրիր բոցով նրա ցուրտ —
Վերջին սիրով անպատիր,
Անվախճան ու անհագուրդ...
Իմ ցավագին աղոթքին
Ունկնդրի՛ր ու երևա՛,
Քո հաղթության ու սիրո
Կնիքը դիր իմ վրա...