Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ սիրո կարոտ, ոչ բախտի ծարավ,
Ոչ հարստության և մեծության բեռ,
Ոչ ապարդյուն փառք և ոչ փայփայող
Ու սրբազան ցավ
Չարչարանքի և ինքնազոհության։

Եվ այնպես անգո՛ւյն, անմի՛տ, ապարդյո՛ւն,
Տաղտկալի՛ և սի՛ն
Թվաց ամեն ինչ աշխարհում անհուն,
Եվ ամենքն ընդմիշտ օտար թվացին
Եվ անդարձ հեռու...
Քար էր իմ սրտում և ծա՛նր և ցո՛ւրտ,
Եվ աշխարհն էր քար՝ սառն ու անխորհուրդ...
Երկինքն էր լալիս պաղ արցունքներով,
Լալիս էի ես մերժված ու խռով,
եվ ցուրտ աշխարհում
Ինքըս իմ սրտին հարազատ չէի —
Ու ծաղր էր թվում հեկեկանքս չոր...
Ես լալիս էի,
Բայց օտարի պես էի ունկնդրում
Ինքս իմ հոգուն, ինքս իմ լացին...
Ու մութ էր շուրջըս և խավար անհուն,—
Իմ խաբված սրտում՝ մթամած գիշեր
Եվ պաղ և ծանր, ծանր, որպես քար,
Եվ տաղտկությամբ լի և անվերջ երկար,
Անծիր ու անհուն —
Ու ոչ մի հեռվում լույս չէի փնտրում...
Եվ համր էր ընդմիշտ աշխարհն ինձ համար
Եվ օտա՛ր և մո՛ւթ.—
ես ընկած էի անզոր ու մոլոր
Եվ հավետ մենակ և անդարձ մենակ,
Անանուն, անհայտ, անծանոթ հեռվում...

Ո՞վ ազատություն հավիտենական,
Մա՜հ, շշնջացին շուրթերըս տկար,
Եվ այդ շշուկը դառը չըթվաց.