Գրկեցի հողը մի ցուրտ ցանկությամբ,
Եվ նա իմ առաջ բացեց իր գիրկը
Անսուտ գգվանքով.
Եվ գերեզմանի խորշը ցրտաշունչ
Անուշ թվաց ինձ,
Որպես մայրական գիրկը սրտամոք
Պայծառ օրերում,
Որպես հեռավոր երկրում մոռացված,
Մայրական երգի սիրով օրորվող
Թովիչ օրորան...
Մա՜հ, շշնջացի, և սիրտըս նրան
Ընդունեց սիրով, որպես գթառատ
Հեկեկանքը մոր նուրբ կարեկցության.
Եվ հեռացա ես ու հեռացա ես
Մի անհաշտ կամքի զորությամբ անուշ
Հեռո՜ւն ու հեռո՜ւն.—
Ողջը մոռացա օտար աշխարհում,
Ան՛դարձ աշխարհում...
Ու խավարն անհուն գգվանքով թեթև
Ծավալվեց շուրջըս ու փռվեց վրաս,
Եվ կյանքըս բոլոր մի երկարատև
Նինջ թվաց հոգուս, մի տխուր երազ,—
Նրբին մի համբույր հեռու օրերում,
Մանկական մի երգ, որ չունի անուն,
Որ չունի անուն...
Ինձ ահեղ թվաց խնդությունս նոր,
Կարծես մի վերին և նուրբ հրաշքով
Լուսացավ իմ մեջ առավոտն անհուն —
Ու թեթև թվաց կյանքս երկրային,
Որպես առվակը սարերից իջնող,
Որպես ամպերի շարքը ոսկեղե՛ն
Գարնան արևող երկնքում չվող...
Ու թվաց հանկարծ, որ չըկան, չըկան
Անցյալն, ապագան...