Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թվաց, որ մի սիրտ իմ վիշտն է գգվում,
Հանգիստ է ասում բոլոր հույզերին,
Բոլոր հույսերին օրոր է ասում,
Օրոր է ասում,
Բաբախուն սիրտըս գրկել է ուզում,
Գգվել է ուզում
Անխաբ խնդության ոսկե երազում...
Թվաց, որ մեկը իմ ցավն է երգում,
Իմ լացն է լսում,
Իմ լռությունն է գգվում իր գրկում.—
Եվ իր մեծ հոգում,
Իր անհուն հոգում՝
Իմ սրտից խորն է թախիծս զգում...

Ճիչ հանեցի ես սիրով լուսեղեն,
Աղաղակեցի օրհներգու ձայնով,
Սիրտըս նետեցի քարին ու ջրին,
Խառնեցի հոգիս աստղերի երգին,
Պարզեցի կյանքս պարզ ու խնդագին
Հավիտենությա՜ն,
Հավիտենությա՜ն...