|
Նաիրյան կարոտն ու նաիրյան մորմոքը, համաժողովրդական աղետն ու չսպիացած վերքերը, սակայն, թշնամությամբ չլցրին նրա մարդասեր հոգին, մարդու, նրա բախտի ու կյանքի համար տրոփող սիրտը։ Տերյանը գտավ ճիշտ ուղին՝ նա գերված, բայց «ստրուկ չդարձած» և արծվային ճախրանքների ընտել իր ժողովրդի վերածնության հիմքը նրա հոգևոր ու կենսական անսպառ ուժերի և համառուսական ազատագրական շարժմանը միանալու մեջ տեսավ։ Այսինքն նաիրյան վիշտը հասցրեց հեղափոխությանը՝ «Կարմիր Նաիրի»-ին: Սա Տերյանի հայրենասիրական երգերի նոր ու աննախընթաց որակն է, այն բարձունքը, որին մեր դասական հեղինակներից շատ քչերը հասան:
Երբեմն ինչքա՜ն անարդար կարծիքներ կարող են լինել: Նույնիսկ «երկիր Նաիրի շարքից հետո էլ սրեր էին խաչվում Տերյանի առիթով՝ պնդում էին, թե նա հայ ազգային բանաստեղծ չէ:
Տերյանին, ինչպես ռուս գրականության մեջ, ասենք, Պուշկինին, ազգային չհամարողները նեղացնում էին «հայրենակիցներ» բառի սահմանները և ազգային էին համարում այն երկերը, որոնց բովանդակությունը առնված էր ցածր դասերի կյանքից, որոնց մեջ պատկերված էր գյուղացիների ու արհեստավորների նիստ ու կացը։ Մեզ մոտ, ասել է Բելնիսկին, «վաղուց ի վեր արմատացել է այն խիստ տարօրինակ կարծիքը, թե իբր ֆրակ հագած ռուսը կամ կորսետ հագած ոուս կինն այլևս ռուս չէ, և որ ռուս ոգին զգացվում է միայն այնտեղ, որտեղ կան զիպուն, տրեխ, հացի օղի և թթու կաղամբ»։
Այսպես չի՞ եղել նաև մեզնում։ Ո՞ւմ մտքով է անցել վեճի առարկա դարձնել և հայկական չհամարել բոլոր այն երկերը, որոնց մեջ պատկերված է հայ գյուղաշխարհը՝ գեղջուկներով ու գեղջկուհիներով, պարտատերերով ու պարտապաններով, տանուտերերով ու մովրովներով, գյուղի «պեյզաժի» անհրաժեշտ մասը կազմող աթարի բուրգերով ու խոտի դեզերով, լույսը երդիկից ստացող խրճիթներով, գյուղացուն՝ տրեխով ու քիթ ծակող քրտնահոտ շորերով, «քե ղուրբան»-ով, դարավոր սովորություններով, կարծես անփոփոխելիության դատապարտված նիստ ու կացով: Իսկ եթե մի երկու ծերուկ ու պառավ էլ լինեն բուռնոթու անբաժան տուփով կամ թութունի քիսայով՝ ազգային որակը ապահովված է ու ապահովված:
Կյանքը հեղաբեկվում էր, հին պատկերացումները փոխվում էին, XX դարը հախուռն ընթացքով տակնուվրա էր անում իր ժամանակն ապրածն ու մահվան դատապարտվածը, ազգային խառնվածքի նոր գծեր էին ստեղծվում, իսկ պահպանողականությունը կառչում էր իր դարն ապրածին և կարծում էր, թե ազգը կպահպանվի, եթե «տգետ մնա ու խավար» և ընդհակառակը կկորցնի ազգային գծերը, եթե կրթություն ստանա ու ազատվի իր «ավանդական սնահավատություններից և սովորություններից»: Հակադրվելով այս մտայնությանը մեր