Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
30
Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ։
Իմ արտի թագուհին հեռավոր,
Հեռավոր կողմերում է հիմա,
Պարզել եմ երագներս բոլոր,
Ցնորքներս բոլոր դեպի նա։
Ու թեև գի՛տեմ, որ մենք բնավ
Չըպիտի հանդիպենք իրարու,
Բայց արդեն իմ սրտում չկա ցավ,—
Օրհնում եմ նրա կյանքը հեռու։
Եվ աշխարհը պայծառ է նորից,
Երկիրը հարազատ է դարձյալ,
Օրորում են անուշ մի թախիծ,
Եվ գալի՛ք, և ներկա՛ և անցյա՛լ...
Օրորված է հո՛գիս ձմեռվա
Օրերի օրորով, և անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ.․․
|
|
[1912]