Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է փոքր գրողներին: Նրանք հեռվից իսկապես որ փոքր են երևում կամ բոլորովին չեն երևում: Այդ օրենքը, սակայն, անզոր է դառնում, երբ խոսքը վերաբերում է Պուշկինին ու Տոլստոյին, Նարեկացուն ու Սայաթ-Նովային, Թումանյանին ու Տերյանին: Նրանց նկատմամբ իրավունքի մեջ է մտնում այլ օրենք՝ երկնահաս լեռն իր ամբողջ վեհությամբ չի երևում մոտ տարածությունից, ստորոտից: Մարդու անցած ճանապարհը չի երևում նրա մի քանի քայլից, նրա կյանքի խաչուղուց, ճանապարհը ձգվում-երևում է հեռավորությունից, լեռնագագաթից, Տերյանը հոկտեմբերյան օրերին վառեց իր սիրտը և այդ բոցավառումի լույսով պարզ երևաց նրա անցած ուղին՝ ծանր ու տանջալից, խանդակներով ու զիգզագներով, բայց միշտ զուգահեռ պատմության մայրուղուն, միշտ առաջ ու վեր: Նրա մահվանից հետո անցած կես դարը ոչ միայն Տերյանին չհեռացրեց մեզնից, այլև ավելի հարազատեցրեց, ցույց տվեց նրա պոեզիայի անանց հմայքը, ցույց տվեց, որ այն գործ չունի ժամանակի փոքր հատվածների հետ, որ այն մեր նախորդների, մեզ ու հավերժի համար է սահմանված: Տերյանի պոեզիայի լավագույն մասը միշտ այժմեական ու անթառամ է մնալու և հավերժ ապրելու է մեր ժո- ղովրդի հույզերի ու մտքերի աշխարհում:

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:


Այսպես է ասել Տերյանը մռայլ ու տխուր մի պահի, ճակատագրի քմահաճ տնօրինությամբ նրա գերեզմանը եղավ հեռվում, սակայն չհիշելն ու մոռանալը հնարավոր բաներից չէին: Երևանում հայկական պանթեոն պետք է հիմնել,— դառնությամբ, խորին ցավով ասել է Չարենցը,— նշանավոր հայերի աճյունները տեղափոխել այնտեղ, Տերյանին էլ հարկավոր է Օրենբուրգից բերել:

Իրականացել է Չարենցի ցանկությունը. այժմ կա այդ պանթեոնը, այնտեղ են մեր մշակույթի անմահ գործիչներից շատերի աճյունը: Այնտեղ, Կոմիտասի ու Իսահակյանի հարևանությամբ, հանգչում է նաև Տերյանի աճյունը: Այսպիսին է մեծերին վիճակված բախտը, պատմության, ժամանակի արդար վճիռը. Այդպիսի մեծերից է «Մթնշաղի» ու «Վերադարձի», «Ոսկի հեքիաթի» ու «Երկիր Նաիրիի» անմահ երգիչը, նա, որ կյանքի վերջում մխրճվեց աշխարհասասան մրրիկների մեջ, փառաբանեց նոր օրերի վեհությունն ու շռինդը և ընկավ այդ նոր ճանապարհի սկզբին՝ դարերին թողնելով իր սրտահույզ ու հիասքանչ երգը: Բնության տված հզոր ու շքեղ տաղանդով նա սպանեց բնության օրենքը՝ մահը և սկսեց իր երթը դեպի դարերը գալիք, դեպի հավերժություն:


Երեքհատորյակի (Հայպետհրատ, 1960—1963) տպագրությունից շուրջ մի տասնամյակ անց ընթերցողի սեղանին է դրվում Տերյանի երկերի նոր այս ժողովածուն՝ չորս հատորով: Աոաջին հատորն ընդգրկում է այն բանաստեղծությունները, որ պոետն ինքը համարել է ավարտված ու տվել է տպագրության, ինչպես և մի քանի այն գործերը, որ նա, համարելով ավարտված, մուծել է