Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
46
Այսօր դու քաղցր ես նայում, առավո՜տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով...
Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ոչ հայրենիք, ոչ տուն ունենալ,
Ոչ անուն, ոչ զենք, ոչ փառք, ոչ արծաթ.
Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա՜լ, դառնա՜լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։
Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ...
Մութ հավերժության դառնությունն զգալ,-
եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել...
Մեռնել անտրտունջ հնազանդության,
Մեղմագին երգով, ժըպիտով քնքուշ.—
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ...
|
|
[1912]