Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տերյանի «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորի ձեռագրերում կա չվերնագրված մի բաժին` «Հ. II Բ», որտեղ դրված են միայն այն բանաստեղծություններից, որ, Մակինցյանի ասելով, Տերյանը նախատեսած է եղել «Ոսկե շղթա» շարքի համար։ Մենք հարմար համարեցինք այդ շարքը պահել «Ոսկե շղթա» խորագրով (ավելի հանգամանորեն տե՛ս շարքի ծանոթագրությունը)։ Մնաց «Վերջին դաչնակ»-ի հարցը։

«Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորի ծանոթագրություններում ասված է. «Այս վերնագիրը պոետի թղթերում չկա։ Մենք հնարավոր համարեցինք Տերյանի այն բանաստեղծությունները, որոնք մեծ մասամբ լույս են տեսել զանազան պարբերականներում և, հետևաբար, նկատվել են հեղինակի կողմից որպես ավարտած երկեր, համախմբել այդ վերնագրի տակ, ավելացնելով մի քանի ոտանավորներ, որոնք գրված են եղել պոետի կյանքի վերջին ամիսների ընթացքում, նկատի առնելով նրանց կենսագրական նշանակությունը» (էջ 290)

Դժվար է համաձայնել այս բացատրության հետ։

Աոաջին. Այս «շարք»-ում զետեղված 11 բանաստեղծությունից 6-ը առաջին անգամ տպագրվել է «Նորք»-ի 1-ին գրքում (1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 104, 108, 109, 111, 112, 113), մեկը՝ «Գր. գոհարներ»֊ում (էջ 544) և չորսը՝ «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 109, 110, 112, 113)։ Ուրեմն «զանազան պարբերականներ»-ի մասին խոսք լինել չի կարող, որովհետև մի պարբերական է՝ «Նորք»-ը։

Երկրորդ. ճիշտ չէ այն միտքը, թե այս «շարք»-ի բանաստեղծությունները մեծ մասամբ տպագրված լինելով «զանազան պարբերականներում... նկատվել են հեդինակի կողմից որպես ավարտած երկեր»։ Դրանք տպագրվել են հեղինակի մահվանից շուրջ 3 տարի հետո։ «Նորք»-ի առաջին գիրքը լույս է տեսել 1923 թ. սկզբին («թույլատրված» է տպագրության 1922 թ. դեկտեմբերի 29-ին), իսկ Տերյանը վախճանվել է 1920 թ. հունվարի 7-ին։ Ուրեմն պոետը ինքը չէր կարող իր ձեռքով դրանք տպագրության տված լինել և «հետևաբար» «ավարտած երկեր» համարել։ Հարցը կարելի էր այլ կերպ բացատրել, եթե «Նորք»-ր Տերյանի կենդանության օրոք հրատարակվելիս լիներ։ Այդ դեպքում կարելի էր ենթադրել, թե գուցե Տերյանը տարիներ առաջ ինքն է այդ բանաստեղծությունները ուղարկել խմբագրության և «Նորք»-ը, ինչ-ինչ պատճառներով հետաձգելով, հնարավոր է համարել տպագրել պոետի մահվանից երեք տարի անց։ Բայց հայտնի է, որ «Նորք»-ը հիմնադրվել է 1922 թ. վերջերին։ Տերյանի մահվանից երկու-երեք տարի անց են հրատարակվել նաև «Գր. գոհարներ»-ը և «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորը։ Եվ ապա՝ մեկ «պարբերականներում» տպագրվածները համարվում են «հեղինակի կողմից» «ավարտված երկեր», մեկ էլ «Նորք» պարբերականում տպագրված «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան» (ինչպես և դրա մշակված տարբերակը) անվանվում են «սևագրություններ» (էջ 291, 292)։ Երրորդ. Եթե խոսքը վերաբերում է «զանազան պարբերականներ»-ում տպագրված լինելուն, ինչո՞ւ չի նշվում, թե ո՞ր ժամանակին է այդ վերաբերում։ Չ՞է որ Տերյանի բանաստեղծություններից շատերն են տպագրվել «զանազան պարբերականներ»֊ում և հեղինակի կողմից դիտվել իբրև «ավարտած երկեր»։ Ինչո՛ւ դրանք էլ չեն մտել «Վերջին դաշնակ» շարքը։ Կամ վերցնենք թեկուզ հենց միայն