Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանաստեղծությունների տեղերը, որոշ բանաստեղծություններ հանել է շարքերից կամ տեղափոխել մի շարքից մյուսը, մտահոգվել է շարքը բացող և փակող բանաստեղծության հարցով։ Շարքերի կառուցվածքի խնդիրը Տերյանի համար եղել է խորապես մտածված, ստեղծագործական ակտ, այնպես, ինչպես ասենք կարող է մտահոգել մեծ վիպասանին նրա վեպի կոմպոզիցիայի հարցը։ Այդ է պատճառը, որ Տերյանի բանաստեղծությունների շարքերը («Մթնշաղի անուրջներ», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն) թողնում են առանձին պոեմների տպավորություն։ Այդ շարքերը այնպիսի միասնություն են կազմում, այնպես ամբողջական, անբաժանելի, վերջավորված են, որ ամեն մի միջամտություն-խմբագրում անթույլատրելի են դարձնում։ Բանաստեղծությունների որևէ տեղափոխություն այդ շարքերի (ասենք, օրինակ, նաև Ալ. Բլոկի, Վ. Բրյուսովի բանաստեղծությունների շարքերի, կամ Ավ. Իսահակյանի «Ալագյազի մանիներ» շարքի) ներսում անթույլատրելի է, առավել ևս՝ նոր շարքեր կազմելը։

Տերյանն ինքը ցանկացել է հետևյալ շարքերը կազմել-ստեղծել. 1) «Քաղաքի երգեր» (կամ «Քաղաք»)։ 2) «Աշնան մեղեդիներ» (կամ «Աշնան երգեր», «Աշնան սոնետներ»)։ 3) «Հրաժեշտի խոսքեր»։ 4) «Իրիկվա երգեր»։ 5) «Մթնշաղի անուրջներ»։ 6) «Գիշեր և հուշեր» (կամ «Տանջանքի գիշեր», «Հսկումի գիշեր», «Սարսափի գիշերներ»)։ 7) «Վերադարձ»։ 8) «Ոսկի հեքիաթ»։ 9) «Փշե պսակ»։ 10) «Երկիր Նաիրի» (կամ «Նաիրի»)։ 11) «Կատվի դրախտ»։

Մակինցյանն ասում է, թե Տերյանը մտադիր է եղել ստեղծել նաև «Ոսկե շղթա» և «Վերջին դաշնակ» շարքեր։ Որոշ ժողովածուներում էլ ստեղծվել է «Հոկտեմբերյան երգեր» շարք։

1) Ինքը Տերյանը չի ամբողջացրել, հետագայում էլ հրաժարվել է «Քաղաքի երգեր», «Աշնան մեղեդիներ», «Հրաժեշտի խոսքեր» և «Իրիկվա երգեր» խորագրերով շարքեր կազմելուց։ 1912 թ. իր հսկողությամբ հրատարակելով «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը նա այդպիսի շարքեր չպահպանեց (թեև այդ խորագրերի տակ բանաստեղծություններ տպագրվել էին մինչև ժողովածուն)։

2) Շարքերից մի քանիսը («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ») Տերյանը ամբողջացրել է և մուծել ժողովածուները։

3) «Երկիր Նաիրի» և «Կատվի դրախտ» խորագրերի տակ բանաստեղծություններ է տպագրել մամուլում կյանքի վերջին շրջանում։ Ավելին՝ «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորից մնացած ձեռագրերում կա «Հ. II Գ» նշումով մի բաժին, որը «Երկիր Նաիրի» շարքն է։

4) Բանաստեղծի արխիվում պահվել է և ետմահու հրատարակվել «Փշե պսակ» շարքը։

Այսպիսով՝ Տերյանը իր նախատեսած 11 շարքից յոթը պահպանել է, չորսը, ինչպես տեսանք, չի կազմել-ավարտել, հետագայում էլ հրաժարվել է այդպիսի շարքեր ստեղծելու մտքից։

Քննենք «Հոկտեմբերյան երգեր», «Ոսկե շղթա» և «Վերջին դաշնակ» շարքերի հարցը։ Ինչպես Տերյանը, այնպես էլ մեր մյուս գրողները ոգեշունչ բանաստեղծություններ են նվիրել Հոկտեմբերյան հեղափոխությանը, սակայն բնավ պարտադիր չէ, որ դրանք ներկայացվեն իբրև մի շարք՝ եթե բանաստեղծը ինքը այդպիսի շարք չի կազմել ու խորագրել։