Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չեմ տա անունըդ երբեք,
Սուր է անունըդ հնչուն
Մութ աշխարհի այս փոշում,
Չեմ տա անունըդ երբեք,
Սիրտըս մակույկ է անղեկ,
Սիրտըս մրրիկ է շաչուն,
Չեմ տա անունըդ երբեք,
Սուր է անունըդ հնչուն:


Անշուշտ սա նախնական մշակումներից է՝ տակավին ավարտված չէ, կան մեղանչումներ տրիոլետի ձևի դեմ:

14 «Տեսա երազ մի վառ» (էջ 228)

Առաջին անգամ տպագրվել է «Հայաստանի կոոպերացիա» 1920, № 21—22 (նոյեմբեր, էջ 905)։ Անփութության հետևանքով բաց է թողնված 9-րդ տողը (Երկու բաժակ տեսա):

Հայաստանի կոոպերացիա»-ում.

3 Վըրան փերուզ տեսա,

Պրպտումները մեզ հասցրին այս բանաստեղծության և հայկական միջնադարյան ժողովրդական «Պետրոս երազ էր տեսեր» երգի հարազատության խնդրին։

Պօղո՛ս, գիշերս յերազին՝
Փոքրիկ այգի մ’ եմ տեսեր.
Փոքրիկ այգուն ի միջին՝
Փոքրիկ հնձան մ՚ եմ տեսեր.
Փոքրիկ հնձանին յեզեր՝
Բարակ առուիկ մ’ եմ տեսեր.
Բարակ առուի յեզերին՝
Մեծ բարունակ մ՚ եմ տեսեր.
Մեծ բարունակին վերայ՝
Ոսկի խնծոր մ’ եմ տեսեր.
Ոսկի խնծորին վերայ՝
Խայտ աղանի մ’ եմ տեսեր։


Երազները, «ծաղկած այգին» ու «փոքրիկ այգին», «սոսի սուրբ ծառն» ու «մեծ բարունակը», «ոսկի խնծորն» ու «երկու գոհարը», «փոքրիկ հնձանն» ու «ոսկի գինին», «անգին հրեշտակն» ու «խայտ աղանին» հուշում են, որ մեկը մյուսի հղացման մեջ «անմեղ» չէ։ Իհարկե, Տերյանի «մշակածը» շատ է հեռու միջնադարյան տաղից: Տերյանը ոչ թե «մշակել» է ժողովրդական երգը, այլ նոր բանաստեղծություն է գրել, տերյանական բանաստեղծություն, որ, հիշեցնելով հանդերձ աղբյուրը, մնում է միանգամայն ինքնուրույն֊տերյանական։