Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

Հայրենասիրական երգաշար ստեղծելու մասին Տերյանն սկսել է մտածել 1913 թվականից։ Այդ տարվա ամառը նա գրեց «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաատեղծոսթյունը։ Նույն թվականի օգոստոսին Խանզադյանին գրած մի նամակում նա կատակով իրեն համարում է «Герцог страны Наири» և ապա՝ «которую Териан тепер воспевает». Հայրենիքի մասին «մտորումները», որ Տերյանին «զբաղեցնում էին... շատ վաղուց», սկսում են առաջին պլան մղվել։ 1913-ի նոյեմբերին գրած մի նամակում նա արտակարգ հիացումով է խոսում հայ «հին գրականության» մասին, իսկ մեր «հին լեզուն» համարում է «ոսկի, դա լեզու չէ,— շարունակում է Տերյանը,— այլ երկնային երաժշտություն։ Շքեղություն, հարստություն, ուժ, ճկունություն»։ Եվ իբրև ամփոփում՝ «արքայական լեզու»։

Իր այդ մտորումների մասին Տերյանը խոսել է նաև 1914 թ. ապրիլի 30-ին կարդացած դասախոսության մեջ («Հայ գրականության գալիք օրը»), նույն թվականի վերջերին «Մշակ»-ում տպագրած «Հոգևոր Հայաստան» հոդվածում և այլ բազմաթիվ առիթներով։ 1914 թ. Նվարդ Թումանյանին գրած մի նամակում Տերյանն ասում է. «Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու։ Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթելի մոլություն է — դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը — այդ չափով ենք մոտենում մենք ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում ու մեռնում ենք վաղ: Ապա, տխուր խորհրդածություններից հետո, ավելացնում է. «Այդպես մեր հայրենիքի հոգին է մեռնում, իսկ մարդիկ կարծում են, որ կարելի է նրան կենդանացնել... Ախ, թողնենք այդ դառն ու անօգուտ զրույցը — հին և անբուժելի հիվանդություն է դա, և մենք անզոր ենք նրա դեմ։ Չկարծեք, թե այժմ են միայն զբաղեցնում ինձ այդ մտորումները — ավա՜ղ, շատ վաղուց։ Եվ չեմ ազատվի դրանցից երևի մինչև վերջը —ի՞նչպես ազատվես ինքդ քեզնից»։ Հետագա շարադրանքից երևում է, որ Տերյանը «նաիրյան հոգու բարձր տառապանքը» փորձում է արտահայտել «Երկիր Նաիրի» երգաշարում. «Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական։ Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը։ Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է և իմ երկիրը, «իմ Նաիրին» — գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ «նաիրյան չքնաղ հոգին» է այրվում։ Եվ ես սկսում եմ զգալ ինձ կոչված, մեկը նրանցից, որոնց վիճակվել է «նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ... Դուք ինձ սխալ չմբռնեք։

Դա երկար պատմություն է, և ես իզուր սկսեցի խոսել դրա մասին։ Եթե վիճակվի ինձ երկրորդ հատորս հրատարակել, այնտեղ Դուք այդ բանից կգտնեք «Երկիր Նաիրի» վերնագրի տակ — այն ժամանակ գուցե զգաք այդ, թեև դա էլ իմ կողմից հանդգնություն է, վասնզի այդ արտահայտելու հնար և ույժ գուցե չունենամ։