Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներկա պայմանները չեն նպաստում այդ իրագործելու — պատերազմից հետո գուցե հաջողվի ինձ լույս ընծայել գիրքս, որ, գիտեմ, շատերին դուր չէ գալու» (ընդգծումները Տերյանինն են —Վ. Պ.)։

Կարճ ժամանակ անց Տերյանը նորից գրում է Ն. Թումանյանին. «Միթե ես չե՞մ գրում էլի «ներբող (դիֆիրանմբ) Արարատին», և միթե Դուք չգիտեք, թե ինչպես եմ սիրում ես իմ երկիրը, և ինչպես է ցավում իմ սիրտը»։ Այսպիսով՝ «Երկիր Նաիրին» նախապատրաստված էր հոգեբանորեն, որոշակի տեսակետներով, սկզբունքներով: 1914-ի դեկտեմբերին «Մշակ»-ի խմբագիր Հ. Առաքելյանին ուղարկելով «Երկիր Նաիրի» շարքից բանաստեղծություններ, Տերյանը զգուշացրել է. «Հոդվածս («Հոգևոր Հայաստան») արդեն պատրաստ էր, երբ ստացա Ձեր նամակը: Ահավասիկ ուղարկում եմ ժողովածուի («Ձիթենի»-ի— Վ. Պ.) համար հինգ ոտանավոր և երկու ոտանավոր «Մշակ»-ի նոր տարվա №-ի համար (համաձայն Ձեր ցանկության)։ Եթե «Մշակ»-ի համար ուղարկածներս չհավանեք, ընտրեցեք ժողովածուի համար ուղարկածներից... միայն կխնդրեի չզատել «Երկիր Նաիրի» վերնագրի տակ դրած երկու ոտանավորը և երեք մանր ոտանավոր (ժողովածուի համար ուղարկածի մեջ), որոնց մեջ, ինչպես կնկատեք, մի ընդհանուր տրամադրություն կա»։

1915 թ. նոր տարվա համարում (№ 1) տպագրվեցին Տերյանի երեք բանաստեղծությունները (այս շարքի № 2, 11, 13) «Երկիր Նաիրի» խորագրի տակ՝ հետևյալ ծանոթությամբ. ««Նաիրի» պետք է հասկանալ ոչ թե պատմական, այլ իդեական իմաստով»։ Իզուր չէր Տերյանի երկյուղը, թե «Երկիր Նաիրի»-ն «շատերին դուր չէ գալու»։ Առաջին իսկ բանաստեղծությունից սկսած «Երկիր Նաիրու» շուրջ սրեր խաչվեցին։ Հետագա բանաստեղծությունները («Մշակ», 1915, № 64) (29 մարտի), № 122 (7 հունիսի) ավելի որոշակի դարձրին դիրքերը։

Բանն այն է, որ համաշխարհային պատերազմի հետ հույսեր էին կապել շատերը։

Վանը գրավված է ռուսական զորքի կողմից, Թուրքիայի օրերը հաշվված են, հայկական հարցը մոտ է լուծման. այս էր օրվա հուզող հարցը և շատերը, այդ թվում Ծատուրյանը, Թումանյանը և ուրիշներ, հավատում էին դրան (տե՛ս, օրինակ, Հ. Թումանյանի «Դեպի մեծ կյանքը» («Հորիզոն, 1915, № 113, 24 մայիսի), «Հանգիստ ու լիքը հավատով» (№ 166, 26 հուլիսի) հոդվածները) ։ Կարճ ժամանակ Տերյանը ևս տարվել է այդ պատրանքներով, որոնք, սակայն, գրեթե չարտահայտվեցին նրա պոեզիայում, նաիրյան երգերը հիմնականում ստեղծվեցին այդ պատրանքներից հիասթափվելուց հետո:

«Մշակ»-ի 1915 թ. № 1-ում տպագրված էր Ծատուրյանի մի բանաստեղծությունը («Հայրենիքի ձայնը»), որի մեջ, չհասկանալով պատերազմի թալանչիական բնույթը, նա հույսեր է կապում պատերազմի հետ։ Հայրենիքի նախկին փառքը հակադրելով թշվառ ներկային, նա հայրենիքի անունից կոչ է անում ժողովրդին արձակել «արնաքա՜մ մոր» ձեռների կապանքն ու շղթան, որովհետև մոտ է ազատ ու երջանիկ կյանքի հասնելու ժամն՝ «վերջին ժա՜մն է այս», «ա՛յժմ կամ երբեք»։ «Մշակ»-ի № 1-ում տպագրված բանաստեղծությունների առթիվ Տերյանի և Ծատուրյանի միջև տեղի է ունեցել հետաքրքրական նամակագրություն: Ահա մի հատված Տերյանի՝ Ծատուրյանին գրած 1915 թ. փետրվարի նամակից. «Ամենից առաջ քո՝ «Մշակ»-ում գրած ոտանավորի մասին։ Ինձ