Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ դուր եկավ այն, որ դու ամենայն անկեղծությամբ մերժում ես իմ «Նաիրյան» ոտանավորները և հուսով եմ չպիտի կարծես, որ ես ինքնապաշտպանության համար պիտի ասեմ, որ քոնն էլ ինձ դուր չեկավ: Չկարծես, թե այն հիմարների պես եմ անում, որոնց երբ ասում են՝ «հիմար ես» և որոնք պատասխանում են՝ «դու էլ հիմար ես»: Հավատա, որ միանգամայն անկախ քո հայտնած կարծքից, ես գտնում եմ, որ շատ է պրիմիտիվ և «հնաշունչ» ոտանավորդ, որպիսին կարելի էր գրել վաղ ժամանակներում... Իհարկե դա ճաշակի խնդիր է և ըմբռնումի, և ես բոլորովին հավակնություն չունեմ օրենքի բնույթ տալու կամ պարտավորեցնել ընդունելու իմ կարծիքը — ինչպես և դու կարծեմ: Իմ այդ ոտանավորները շատերին դուր չեն գա, այնպես որ դու մենակ չես լինի, մինչդեռ հազիվ թե նույնը կարելի լինի ասել իմ մասին: Այստեղ մի հարգելի մարդ, որի անունը չեմ ուզում տալ (որովհետև նա ինքը չի ասել, այլ մի ուրիշը), ասել է, որ քո ոտանավորի մեջ ավելի բանաստեղծություն կա, քան իմերի, որոնք ավելի քիչ բանաստեղծական են, բայց «իմաստուն» են: Այդ վերջին հանգամանքը ինձ, իհարկե, չի կարող մխիթարել, վասնզի ես գրել եմ բանաստեղծություն, այնպես չէ, որ և ոչ «իմաստասիրական» երկ։ Ես համոզված եմ, որ «Մշակ»-ի խմբագրությունը ավելի է հավանում քո ոտանավորը, քան իմը, որովհետև հազիվ թե միայն заслушеный-ության պետք է վերագրել այն, որ քո ոտանավորը տպված է խոշոր շրիֆտով։*) Ինչևէ — ես քո հաջողության համար ուրախանալ կարող եմ, և քո հարևանությունը լրագրում ինձ համար դուրեկան է»։

Ծատուրյանի բանաստեղծությունը հավանում էին, որովհետև հեղինակը մոլորվել էր, Տերյանին հարվածում էին՝ որովհետև հակառակ էր գնում ազգայնականների նկրտումներին: Տերյանը, որ տակավին 1908-ին, խտացնելով գույները, Իսահակյանին դիտողություն էր անում, թե «մի քանի... շովինիստական ոգով» գրած բանաստեղծություններ «ուղղակի աղտոտում են քո սքանչելի գիրքը» («Երգեր ու վերքեր»-ը—Վ. Պ.), հետագա շրջանում խստորեն կռվում էր նրանց դեմ, ովքեր «հայրենասիրական սվսվոցով գովերգում են ամեն զիբիլ միմիայն նրա համար, որ նա «մերն է», հայկական է» (Խանզադյանին գրած 1916 թ. հուլիսի նամակից): Տերյանը սիրում էր մեր ժողովրդին նրա համար, որ նա «աշխատում է ու երազում, տքնում է ու երգում...». Եթե այդ դուր էր գալիս ժողովրդին, ապա «արյան ձայների» պատվիրատուների սրտովը չէր:

Նրանք Տերյանին մեղադրում էին «իրականությունից կտրված» լինելու մեջ, այն բանի համար, որ նա «իր օրերի Հայաստանի փոխարեն» «անցյալի մշուշով ծածկված Նաիրի երկիրն է» երգում, որ նա սիրում է իր երևակայությունով ստեղծած «ցնորք Նաիրին» ոչ թե նրա անցյալ փառքի և մեծագործությունների, այլ նրա հեզության, մեղմության և տրտմության համար:

Հակադրվելով «արյուն ոթելու» և «արյան ձայների» քարոզին, Տերյանը գրեց «նաիրական» այնպիսի երգեր, որոնք զգացմունքի անմիջականությամբ ու

.) Տերյանը չէր սխալվում. նույն տարում «Մշակ»-ի խմբագիր Հ. Առաքելյանի նախաձեռնությամբ հրատարակված «Ձիթենի» ժողովածուն բացվում է Ծատուրյանի այդ բանաստեղծությամբ: