|
«Բարի հիշեք ինձ ձեր սրտում...»։ Ինչքա՜ն քիչ բան է ուզում բանաստեղծը ի դիմաց իր տված անկշռելի հարստության։ Դրանից հետո Տերյանը միայն երեք տարի ապրեց։ 1920-ի հունվարին, ընդամենը 35 գարուն տեսած, նա վախճանվեց հեռավոր ու ցրտաշունչ Օրենբուրգում։
Վաղուց հետե բախտը կույր է համարվել։ Իսկապես կույր, որ չգիտե ո՛ւմ ի՞նչ է տալիս։ Հանճարասպան ստահակ մի Դանտես ապրում է 83 տարի, Լերմոնտովը՝ 26, Դուրյանը՝ 20, Մեծարենցը՝ 22, Տերյանը՝ 35։ Հայ ժողովրդի ծանր ճակատագրին կարծեք համապատասխանում է (երբեմն ուղղակի կապված է) մեր մշակույթի խոշոր վարպետների կյանքի ողբերգականությունը։
Դուրյան, Մեծարենց, Կոմիտաս, Տերյան, Չարենց։ Եթե վերջին երեքի կյանքը «թերավարտ» ասենք, ինչպես ասել են Պուշկինի մասին, ապա առաջին երկուսին «թերավարտն» իսկ չի համապատասխանում՝ նրանք գրեթե չսկսած հեռացան կյանքից․ «իմ սկիզբս․․․ վախճանս եղավ»,— մորմոքացել է Դուրյանը։ Ի՞նչ երջանկություն կլիներ մեր ժողովրդի համար, եթե նա Դուրյանի ու Մեծարենցի ծննդյան 75–ամյակները տոնած լիներ նրանց կենդանության օրով և լսեր նրանց հոբելյարական խոսքերը, իսկ այժմ նշեր Կոմիտասի ու Տերյանի մահվան, ասենք, 20-ամյակները և այդ հանդիսություններին ակտիվ դերում լիներ Չարենցը։ Ի՜նչեր կասեր նա Կոմիտասի ու Տերյանի մասին։ Իսկ եթե բնությունը քիչ ավելի շնորհաբաշխ լիներ, մեծարման այդ հանդեսներին կարող էր ներկա լինել ինքը՝ Տերյանը։ Չէ՞ որ այժմ ապրում են նրա հասակակիցները, նույնիսկ ավագները։
Ընդունված ճշմարտություն է, թե շատ կարևոր է գրողի հանդես գալու ժամանակը։ Ասում են Պուշկինից ու Լերմոնտովից հետո ռուս գրականության մեջ բանաստեղծություն գրելը խիստ դժվարացավ։ Խիստ դժվար էր նաև Տերյանի մուտքի ժամանակը։ Մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ համեստ տաղանդով կարելի էր գրող հռչակվեր։ Սակայն փոխվել էին ժամանակները, և դրա հետ էլ՝ պահանջներն ու չափանիշները։
Արևելահայ պոեզիայում ամբողջ մեծությամբ ու հմայքով կանգնած էին Հովհ. Թումանյանն ու Ավ. Իսահակյանը։ Կանգնած էին իրենց անմեռ գործերով՝ «Անուշ», «Փարվանա», «Թմկաբերդի առումը», «Աբու-Լալա Մահարի», «Երգեր ու վերքեր», սիրված բազմաթիվ բանաստեղծություններ։ Արևմտահայ գրականության մեջ իրենց հզոր տիրապետությունն էին հաստատել Սիամանթոն, Վարուժանը, Մեծարենցը։ Կարելի էր չնկատվել, չերևալ, մեծերի ստվերում մնալ։ Այլ էր, ասենք, Հովհ. Հովհաննիսյանի գործը — նա հանդես եկավ համեմատաբար «բաց տարածության» մեջ՝ ճանաչված նախորդներ ուներ, բայց մեծ բանաստեղծ-ժամանակակիցներ՝ ոչ։ Արևելահայ գրականության մեջ գրեթե լռել ու հրապարակից հեռացել էին Պատկանյանն ու Շահազիզը, զգացվում էր նոր բանաստեղծի կարիք՝ Հովհաննիսյանին «սպասում էին»։ Տերյանը ինքը պետք է իր համար «տեղ բացեր», որովհետև նրա մեծ նախորդները նաև ժամանակակիցներ էին։