Չմոռանանք նաև, որ և՛ իբրև ժամանակակիցներ, և՛ իբրև նախորդներ, նրանք մեծ էին Հովհաննիսյանի անմիջական նախորդներից: Ուղղակի ասենք՝ Շահազիզից ու Պատկանյանից հետո ավելի հեշտ էր երևալ, քան Թումանյանից ու Իսահակյանից հետո, նրանց ժամանակ։
20-րդ դարասկզբին հայ պոեզիան, օգտագործելով իր բազմադարյան արտակարգորեն հարուստ ավանդույթները և մյուս գրականությունների նվաճումները, հաղթահարել էր նոր շրջանի նախորդ տասնամյակների որոշ չափով ետ մնալը (պայմանավորված Ժողովրդի պատմական բախտի ծանր հանգամանքներով) և իր լավագույնով արդեն համընթաց էր քայլում «դարի պոեզիային»։ Բացառիկ է Տերյանի դերը այդ թռիչք-անցումի մեջ։ Բնորոշ է, որ Տերյանի մասին խոսելիս և՛ Ժամանակակիցները, և՛ հետնորդները արդեն այլ չափումների ու համեմատությունների են դիմում: Այդ չափումները ոչ միայն խստացվում են, այլև (որ նույնպես խստացում է) սահմանախախտում են հայրենի մշակույթի բնագծերը և դուրս գալիս «մեծ աշխարհս.» «Տերյանը,— գրել է Վ. Բրյուսովը, — փորձեց հայ պոեզիային հարազատացնել այն ամենը, ինչին հասել էր եվրոպականը (մասնավորաբար ռուսականը և ֆրանսիականը) ամենավերջին տասնամյակներում»։ Տերյանին այդպիսի կշռույթների տեսակետից էին գնահատում նաև մյուս մեծերը՝ մասնավորաբար Թումանյանն ու Իսահակյանը։
Նկատվել է, որ գրողի առաջին գիրքը արդյունք է լինում «նախնական կուտակման» — այն տարիների փորձի ու տպավորությունների, երբ նա դեռ գրող էլ չէ՝ երեխա է, պատանի, երիտասարդ։ Երբ հայրենի դաշտերն է չափչփում, մեծերի սրտամոտ երգերն ու պատմությունները լսում, դպրոցում ու համալսարանում սովորում։ Երբ աչքը բացելով աշխարհի վրա, հազար ու մի լավ ու վատ է տեսնում, հուզվում ու զայրանում, սիրում ու անրջում, ցնորքներ ու իդեալներ փայփայում, հիասթափություններ ողբում։ Այս ամենը սովորաբար ամենից առաջ ու ամենից շատ երևում է գրողի (ու մանավանդ քնարերգու պոետի) առաջին գրքում։ Բանաստեղծների այդ առաջին գրքերը երբեմն լինում են ամենից լավը, երբեմն էլ, եթե ոչ ամենալավը, ապա ամենից անմիջականը։
Առաջին գրքերից էր 23-ամյա Տերյանի «Մթնշաղի անուրջներ»֊ը։ Շուրջ 70 փոքրածավալ բանաստեղծություն, ընդամենը մեկ ու կես մամուլ և մեծ բանաստեղծի ծնունդ։ «Մի առավոտ զարթնում են հայտնի դարձած» — Տերյանը այսպիսիներից էր:
Ոտանավոր գրել կարողանալը, նույնիսկ խիստ գրագետ լեզվով ու սահուն չափատողերով, դժվար չէ, դժվարը բանաստեղծելն է՝ ընթերցողին վարակել-հուզելը, ապրեցնելը: Այդպիսին է եղել «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։ «...Երկրպագուներին թիվ չկար— հիշում է Ստ. Զորյանը,— Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա