Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

49

***

Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար
Քո գիշերային մեղմաշունչ մութով
Եվ զարդարեցիր քո անուշ սուտով
Իմ տխուր կյանքի մշուշները չար։

Սրինգե ձայնըդ հնչեց մութերում
Աղբյուրի նըման զվարթակարկաչ.
Գարնան խոսքերով կարմիր ու կանաչ,
Դու ինձ կանչեցիր դեպի քո հեռուն։

Ուրիշ ափերի թովիչ ձայնի պես,
Քո շարժումները ուրվականային
Ստվերապաճույճ իրիկնապահին
Շղթայեցին ինձ օղակով անտես...

Իրար ձուլվեցին իմ մեջ մահ ու կյանք.
Հոգիս մատնեցի քո մառախուղին,
Ընդմիշտ օրհնեցի անհաստատ ուղին,
Ուր փարոսում ես դո՛ւ, քաղցր պատրանք...

1908