Դռան մոտ այնտեղ, կերբերի նըման,
Միխայլոն էր միշտ կանգնած լուրջ ու խիստ,
Խեթ նայում էր մեզ, սաստում էր անձայն
Ու հանկարծ ժպտում լայն բեղի տակից:
Եվ ինքն էլ տարված մանկական խաղով,
Ոստնում էր զվարթ — դե՜հ, փախի'ր, վազի'ր։
Եվ մենք կիսասուտ, կիսալուրջ վախով
Դասարանն էինք փախչում ցանուցիր…
Եվ ցրիվ տված մի զորքի նըման
Պարտիզանական խմբակներ կազմում,
Մութ անկյուններից հարձակվում վրան,
Աղմուկով էինք աշխարհը լցնում…