Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7

Ի՞նչ կարող եմ անել ես, արդյոք ի՞նչ,
Եղբայրներ իմ, եղբայրներ իմ, ձեզ համար,
Ահա բեկված իմ հոգին անօգ ու աննինջ
Ձեր թախիծով է այրվում համր ու անդադար…
Մի անսկիզբ, մի անվերջ — մի աղեկեզ, մի հին ե՜րգ
Դառն ու միալար —
Բայց չի լսում սիրտը ձեր
Երգն այդ ցավագար։
Ձեր ճչան է հարկավոր, և՛ փող, և՛ թմբուկ,
Իսկ իմ երգը միշտ տխուր, երգըս վշտի և սիրո,
Եվ ես անօգ, ես անօգ, որպես մի մանուկ։
Ես երգիչ եմ, երազո՜ղ,
Աշխարհի դեմ, չարի դեմ,
Ողջակեզ եմ,
Զո՛հ…
Եվ անզոր եմ ես հավետ,
Անզոր ու տկար,
Ձեր դեմ վշտոտ եմ իմ երգով
Մեղմ ու ցավագար։
Սակայն սիրտըս ահա բաց,
Վիրավոր ու մերկ,
Մի՞թե հավետ չի խոցված,
Եվ մի՞թե չի պարզված ձեզ,
Եղբայրներ իմ, որպես երգ…