Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԷՄԻԼ ՎԵՐՀԱՐՆ

ԳԼՈՒԽԸ

Գլխատության մռայլ բեմին դու գլուխըդ վայր կը բերես,
Եվ զանգերը կը ղողանջեն, և դաշույնը կը փաղփաղի,
Ու մըկանունք կ՚աղաղակեն,— և կը լինի շքեղ հանդես —
Մեծապայծառ տոն ու հանդես կարմիր արյան ու մետաղի։

Եվ արևը ծիրանավառ, և երեկոն ծծմբաշունչ,
Երեկոն ու Արեգակը արնափրփուր, հրդեհավառ
Կը տեսնեն, թե ինչպես ես դու կրում պատիժը անտրտունջ,
Թե ինչպես լուռ կանշնչանան քո աչքերն ու դեմքը պայծառ։

Սև ամբոխը, կրծքում պահած լոկ չարություն օձագալար,
Իր օվկիանը ըմբոստ մահիդ առաջ լռին կըխոնարհե —
Ու, հարազատ մոր պես գթոտ խանդաղագին ու սիրաբար,
Քո անշունչ դին արյունաներկ դագաղի մեջ մեղմ կ՚օրորե.

Ու թունավոր, որպես ծաղկանց փըթիթը այն մահաշունչ սև,
Ուր եփվում է կարմիր թույնը շողուն, որպես շանթը պայծառ.
Կը մնա քո անունն ըմբոստ, անմահ փառքիդ լույսը վսեմ,
Որպես կրծքում մեխված դաշույն և անսասան, և անխոնարհ…

Գլխատության մռայլ բեմին դու գլուխըդ վայր կը դնես,
Եվ զանգերը կըղողանջեն, և դաշույնը կը փաղփաղի,
Եվ մըկանունք կ՚աղաղակեն — և կը լինի շքեղ հանդես —
Մեծապայծառ տոն ու հանդես կարմիր արյան ու մետաղի…


[1906]