Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հպվեցի ձեզ, նայեցի ագահությամբ անհագուրդ
Եվ տեսա լայն հեռուներ, ցոլքեր անվերջ ու անհուն,
Լույսե՜ր, ձևե՜ր նորանոր — անթիվ փայլանք ու խորհուրդ,
Եվ տարորեն հարազատ — դեմք և տեսիլ, և անուն…
Եվ տարիներ մնացի կանգնած այնտեղ, որպես խենթ,
Արևներով շլացած — և կուրացավ իմ հոգին,
Ճառագայթներն այրեցին սիրտըս խորն ու առհավետ,
Եվ ցնորքները բոլորը մոխիր դարձան, ցրվեցին…

Օ՜,մոռանալ ամեն ինչ, լինել ազա՜տ ու մենա՜կ,
Դաշտերի մեջ լայնարձակ և լռանիստ, և անդորր,
Գնալ ճամփով մենավոր առանց իղձ ու նպատակ
Եվ չըհիշել, մոռանալ և՛ անցյալ, և՛ գալիք օր…
Քաղել ծաղկունքն առանց վիշտ — կակաչների պես թեթև,
Ծծել փայլեր ու ցոլքեր, որպես սերը առաջին,
Ընկնել, մեռնել ու սուզվել, սուզվել մթնում սևաթև,
Առանց դառը խնդության զարթնել կրկի՜ն ու կրկի՜ն…