Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեմ սիրում քո մազերը։ Քո բերանն է, որ սիրում եմ ես, Յոքանաան։ Քո բերանը նման է շիկակարմիր գոտու փղոսկրյա աշտարակի վրա։ Նա նման է նռան, որ կիսված է փղոսկրյա դանակով։ Նռան ծաղիկները, որ բացվում են Տիրոսում ավելի կարմիր, քան վարդերը, այդպես կարմիր չեն։ Փողերի կարմիր ճիչը» որ թագավորների գալուստն է ավետում, որ ահ ու սարսափ է ներշնչում թշնամիներին — այդքան կարմի չէ։ Քո բերանն ավելի կարմիր է, քան այն մարդկանց ոտքերը, որոնք խաղող են կոխում հնձաններում։ Քո բերանն ավելի կարմիր է, քան ոտներն այն աղավնիների, որոնք տաճարներում են ապրում և որոնց քրմերն են կերակրում: Քո բերանն ավելի կարմիր է, քան ոտներն այն մարդու, որ անտառից է վերադառնում, ուր առյուծ է սպանել և ոսկեփայլ վագրեր տեսել։ Քո բերանը նման է մարջանի ճյուղի, որ ձկնորսները գտնում են ծովի խավարում և պահում են թագավորների համար։ Նա նման է կարմրադեղի, որ մոաբիացիները գտնում են Մոաբիայի հանքերում և որը խլում են նրանցից թագավորները։ Քո բերանը` որպես աղեղը Պարսից թագավորի, որ կարմրադեղովն է ներկված և որի ծայրերը մարջան են։ Չկա աշխարհում ոչինչ, որ այնպես կարմիր լինի, ինչպես քո բերանը։ Թույլ տուր համբուրեմ քո բերանը:

ՅՈՔԱՆԱԱՆ. Երբե՛ք, դուստր Բաբելոնի։ Սոդոմի դուստր՝ երբե՛ք:

ՍԱԼՈՄԵ. Ես կհամբուրեմ քո բերանը, Յոքանաան։ Ես կհամբուրեմ քո բերանը։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Արքայադուստր, արքայադուստր, դո՜ւ, որ նման ես մրտի հասմիկին, դո՛ւ աղավնյակների աղավնյակ, այդ մարդուն մի՛ նայիր, մի՛ նայիր դրան։ Այդպիսի բաներ մի ասիր նրան։ Ես այդ չե՜մ կարող տանել... Արքայադուստր, արքայադո՛ւստր, մի ասիր այդպիսի բաներ։

ՍԱԼՈՄԵ. Ես կհամբուրեմ քո բերանը, Յոքանաա՛ն։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Ա՜հ...

Սպանում է ինքն իրան և ընկնում Սալոմեի և Յոքանաանի մեջտեղը

ՀԵՐՈՎԴԻԱԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ. Երիտասարդ սիրիացին ինքնասպան եղավ։ Երիտասարդ հրամանատարն սպանեց իրան: Ինքն