Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Մռայլ տեսք ունի նա, տետրարքը: Նա մռայլ տեսք ունի, այնպես չէ՞:

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Նա մռայլ տեսք ունի։

ՀԵՐՈՎԴ. Եվ ինչո՞ւ պիտի երջանիկ չլինեմ։ Կեսարը, որ աշխարհի տերն է, որ ամեն ինչի տերն է՝ սիրում է ինձ։ Եվ ահա նա ինձ թանկագին ընծաներ է ուղարկել։ Նա խոստացել է Հռոմ կանչել Կապադովկիայի թագավորին, որ իմ թշնամին է։ Հռոմում գուցե նրան խաշեն։ Ինչ որ ուզենա կարող է անել նա, կեսա՜րը։ Նա տեր է։ Ուրեմն տեսնում եք, որ ես իրավունք ունեմ երջանիկ լինելու։ Չկա աշխարհում ոչինչ, որ կարողանար իմ ուրախությունը խանգարել։

ՅՈՔԱՆԱԱՆԻ ՁԱՅՆԸ. Նա բազմած պիտի լինի իր գահին: Ծիրանի և բոսորակ պիտի լինի նրա հագին։ Եվ նրա ձեռքին մի ոսկի անոթ, լի իր հայհոյություններով։ Եվ Տիրոջ հրեշտակը պիտի հարվածե նրան։ Որբերի կերակուր պիտի լինի նա:

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Լսո՞ւմ եք, ինչ է ասում նա ձեր մասին: Ասում է, որ դուք որդերի կերակուր պիտի լինեք:

ՀԵՐՈՎԴ. Նա իմ մասին չի խոսում։ նա իմ դեմ երբեք չի խոսում։ Նա խոսում է կապադովկիացի թագավորի մասին: Կապադովկիացի թագավորի, որն իմ թշնամին է։ Այդ նա՝ է, որ որդերի կերակուր պիտի դառնա։ Իմ մասին չէ այդ: Նա, այդ մարգարեն, իմ դեմ ոչինչ չի ասում, բացի նրանից, որ ես անարդար վարվեցի՝ կնության առնելով իմ եղբոր կնոջը: Գուցե և իրավացի է նա՝ չէ՞ որ դուք անպտուղ եք։

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ե՞ս եմ անպտուղ, ե՞ս։ Եվ այդ ասողը դո՛ւք եք, դու՛ք, որ շարունակ իմ դստերն եք նայում, դուք, որ ուզում եք նրան պարել տալ ձեր հաճույքի համար։ Ծիծաղելի են ձեր խոսքերը։ Ես զավակ ունեցել եմ։ Դուք եք, որ երբեք զավակ չեք ունեցել, նույնիսկ ձեր հարճերից որևէ մեկից, Այդ դո՜ւք եք անպտուղ, ոչ թե ես։

ՀԵՐՈՎԴ. Լռեցե՚ք։ Ես ձեզ ասում եմ, որ դուք անպտուղ եք: Դուք ինձ մի զավակ չտվիք և մարգարեն ասում է, որ մեր ամուսնությունը ճշմարիտ ամուսնություն չէ։ Նա ասում է, որ դա ազգապիղծ ամուսնություն է, մի ամուսնություն, որ դժբախտություն պիտի բերե։ Վախենամ թե նա իրավացի է: Ես հավատացած եմ, որ նա իրավացի է։ Սակայն այժմ այդ