11 ԱՄԲՈԽԸ
Ամեն մարդ ընդունակ չէ ամբոխի ավազանում լողալու: Ամբոխից վայելք շահելն էլ մի արվեստ է։ Եվ մարդկային ցեղն իր համար վայելքի աղբյուր կարող է դարձնել միայն նա, ում դեռ օրորոցում ինչ-որ ֆեյա ներշնչել է ճաշակ դեպի կերպարանափոխությունն ու դիմակը, զզվանք՝ դեպի տնակեցությունն ու սեր՝ դեպի ճանապարհորդությունը։
Ամբոխ, մենություն սոքա հոմանիշ և մեկը մյուսին փոխարկող բառեր են գործունյա և բեղմնավոր պոետի համար։ Ով չի կարող մարդաշատ դարձնել իր առանձնությունը, չի կարող և մենակ լինել ունայնահոգ ամբոխի մեջ։
Պոետն այն անհամեմատ մենարտոնությունն ունի, որ ըստ իր ցանկության կարող է լինել ինքն ինքը և մի այլ ոք։ Նման մոլոր հոգիներին, որ իրանց համար մարմին են որոնում, պոետը մտնում է, երբ կամենա, ամեն մի անձի մեջ։ Միայն պոետի առաջ բաց է ամեն ինչ, իսկ երբ թվում է, թե մի տեղ փակ է նրա համար, դա նշանակում է, որ պոետը այ՛դ տեղն այցելելը հետաքրքրական չի տեսնում։
Մենակ ու մտախոհ ճեմելով, պոետն անզուգական արբեցում է զգում այդ ընդհանրկան հաղորդակցության մեջ։ Նա, ով դյուրությամբ կարողանում է խառնվել ամբոխին, գիտե այնպիսի տենդագին վայելքներ, որոնցից հավետ զուրկ է սնդուկի պես փակված էգոիստը և որդի նման իր կեղևում ամփոփված պարապորդը։ Ընդունում է պոետն իբր իրենր ամեն մի արհեստ, ամեն խնդում և ամեն վիշտ, որ բերում է նրան պատահարը։
Այն, ինչ մարդիկ սեր են կոչում, շատ է փոքր, չնչին ու չափավոր համեմատած այդ օրգիայի հետ, այդ սուրբ պոռնկության հետ հոգու, որն անձնատուր է լինում լիովին՝ համայն ջերմություն, համայն պոեզիա՝ իր առաջ բացվող անակնկալին, անհայտին, անցողիկին։ Պետք է երբեմն հիշեցնել աշխարհի երջանիկներին, գեթ նրանց հիմար գոռոզությունը խոնարհեցնելու համար, որ կա երջանկություն ավելի բարձր, քան նրանցն է, ավելի նուրբ ու լայնածիր։