13 ԿԱՐԿԱՆԴԱԿԸ
Ես ճանապարհորդում էի:
Մի հափշտակիչ վեհություն և ազնվություն կար շրջապատող տեսարանում:
Անշուշտ դրանից մի նշույլ և իմ հոգու խորքը թափանցեց այդ վայրկյանին: Մտքերս սավառնում էին օդային թեթևությամբ, գռեհիկ կրքերը, ատելությունն ու անմաքուր սերն այդ վայրկյանին ինձ նույնքան հեռու էին թվում, որքան և այն ամպերը, որ անցնում էին անդունդի մեջ, իմ ոտքերի տակ: Թվում էր ինձ, որ հոգիս նույնքան մաքուր է և լայն, որքան երկնի կամարը, որ տարածվում էր գլխիս վերևը: Երկրային հուշերը հասնում էին սրտիս մեղմացած և նրբացած, որպես հեռվում, շատ հեռվում, մի ուրիշ սարի լանջին արածող հոտի բոժոժների հնչյունը: Փոքրիկ, անշարժ և իր անչափ խորությունից սև լճակի վրայով մերթ ընդ մերթ սահում էր ամպի մի ստվեր, որպես երկնում սավառնող օդային հսկայի ծածկույթի մի ցոլացում: Եվ, հիշում եմ, այն հանդիսավոր ու հազվադեպ տպավորությունը, որ գործում էր այդ հսկայական, բայց անձայն շաժումը, լի բերկրությամբ ու ուժով: Մեկ խոսքով, շնորհիվ այն հոգեցունց գեղեցկության, որով շրջապատված էի, ինձ հաշտ էի զգում թե ինքս ինձ, թե տիեզերքի հետ: Ես նույնիսկ կարծում եմ, որ այդ կատարյալ երանության ու երկրային չարիքի մոռացության մեջ հասել էի այնտեղ, որ պատրաստ էի ծիծաղելի չհամարել այն լրադրները, որոնք պնդում են, որ իբր թե մարդը բարի է ծնվում:
Բայց ահա անբուժելի մատերիան վերսկսեց իր պահանջները, և ես մտադրվեցի հանգստանալ և հագեցնել երկար վերելքից առաջացած ախորժակս: Հանեցի գրպանիցս հացի մի մեծ կտոր, կաշվե թասս և սրվակը լիքր հանրածանոթ այն էլեքսիրով, որ