Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մազն արբեցնում է ինձ, որպես կոկոսի յուղի, խեժի և մշկընկույզի բուրմունքը։

Թույլ տուր կրծեմ անվերջ քո սև ու ծանր հյուսերը։ Երբ ես կրծում եմ քո էլաստիկ ու անհնազանդ մազերը, թվում է ինձ, որ ես իմ հուշերն եմ ուտում։

16 ՉՔԱՎՈՐԻ ԽԱՂԱԼԻՔԸ

Ես ուզում եմ ձեզ մի անմեղ զվարճության գաղափար ներշնշել:

Այնքա՜ն սակավ են անմեղ զվարճությունները։

Երբ առավոտյան դուք դուրս եք գալիս թափառելու մտադրությամբ, ձեր գրպանը գրոշանոց իրերով լցրեք։ Վերցրեք թելի վրա պարող տափակ խեղկատակներ, դարբիններ, որ զնդանն են կռում, ձիավոր և ձի, որի պոչը միևնույն ժամանակ սուլակ է, և գինետների մոտ կամ ծառերի տակ հանդիպած անծանոթ ու խեղճ մանուկներին ընծայեցեք այդ իրերը։

Դուք կտեսնեք, թե ինչպես անչափ կմեծանան նրանց աչքերը։ Նախ նրանք չեն համարձակվի վերցնել, նրանք չեն հավատա իրանց այդ երջանկության, ապա հապճեպ կխլեն ձեր նվերն ու կփախչեն, որպես կատուներն են փախչում, որ հեռվում ուտեն ձեր տված պատառը, որովհետև սովոր են կասկածանքով վերաբերվելու դեպի մարդը։

Ճանապարհի վրա մի մեծ այգու ցանկապատի հետևը, ուր արևի շողերով ողողված փայլում է մի սպիտակ դղյակ, սիրուն ու թարմ երես մի մանուկ էր կանգնած ամռան սեթևեթ հագուստով:

Շքեղ ու անհոգ, ճոխության սովոր կյանքն այդ մանուկներին այնքա՜ն է սիրունացնում, որ թվում է, թե նրանք և միջին ու աղքատ դասակարգի մանուկները բոլորովին տարբեր խմորից են շինված։

Մանկան մոտ կանաչների մեջ ընկած էր մի շքեղ խաղալիք, նույնքան թարմ, որքան և իր տերը, լաքած, ոսկեզօծ, ծիրանի հագուստով, փետուրներով և ուլունքներով պճնված։

Բայց մանուկն անուշադիր էր թողել իր սիրելի խաղալիքը և ահա թե ուր էր նայում։