և պարապ մարդ»,ես կպատասխանեի՝ «այո, ես տեսնում եմ ժամը դա Հավիտենությունն է»։
Այնպես չէ՞, տիկին, ահա մի ի՛սկ որ արժանավոր մադրիգալ, նույնքան ճոխ, որքան և դուք ինքներդ։ Ճիշտն ասած ես այնպիսի մի բավականությամբ հյուսեցի այս հավակնոտ հաճոյաբանությունը, որ նրա փոխարեն ձեզնից ոչինչ չպիտի խնդրեմ։
15 ԱՇԽԱՐՀԻ ԿԵՍԸ ՔՈ ՄԱԶԵՐՈՒՄ
Թույլ տուր ծծեմ, երկա՜ր, երկա՜ր ծծեմ մազերիդ բույրը։ Երեսս նրանց մեջ ընկղմեմ, որպես ծարավն է սուզում իր դեմքն աղբյուրի ջրի մեջ, և ծածանեմ նրանց ձեռքովս, որպես հոտավետ մի թաշկինակ, որ թոթափեմ օդում իմ հուշերը։
Դու չգիտես, թե ինչե՜ր եմ տեսնում, ինչե՜ր եմ գրում, ինչե՜ր եմ լսում քո մազերում։ Իմ հոգին ճանապարհորդում է բույրերի մեջ, որպես ուրիշներինը երաժշտության մեջ։
Քո մազերում պահված է մի երազ լի կայմերով ու առագաստներով, քո մազերում անծիր ծովեր կան, ուր մուսում հողմերը տանում են ինձ դեպի քաղցր երկրներ, ուր տարածությունն ավելի կապույտ է և ավելի խոր, ուր մթնոլորտը մրգերի, ծաղիկների և մարդկային մորթի բույրով է լեցուն։
Քո մազերի օվկիանում մի նավահանգիստ եմ տեսնում, ուր մելամաղձիկ երգեր են հնչում, ուր խռնվում են քաջալանջ մարդիկ այլևայլ ազգերից և այլևայլ ձևի նավեր են նկարվում երկնի անչափ տարածության մեջ իրանց մանրարվեստ գծերով, ուր անհահական ջերմությունն է նազում։
Քո մազերի փայփայանքում ես վերապրում եմ երկար ժամերի նվաղումը բազկաթոռի վրա, գեղեցիկ նավի սենյակնեիրց մեկում, նավահանգստի աննշմար ծփանքով ծաղկամանների ու զովարար կուլաների մեջ։
Քո մազերի բոցավառ կրակում ես աֆիոնախառն ու շաքարախառն ծխախոտի մի բույր եմ զգում։
Քո մազերի գիշերում ես տեսնում եմ, ինչպես շողում է տրոպիկ լազուրի անեզրությունը, իսկ մազերիդ շուրջը փռված