Ահա կիզում է ինձ նրան կենդանագրելու տենչը, նրա՛ն, որն այնքան սակավ էր հայտնվում և այնքան արագ չքացավ, որպես չքնաղ ու բաղձալի մի բան, որ դեպի գիշերի խավարն ընթացող ճամփորդի աչքից է չքանում։ Եվ վաղուց, շատ վաղուց է չքացել նա։
Նա չքնաղ է, ավելի քան չքնաղ, նա սքանչագեղ է։ Սևն է իշխում նրա մեջ և ինչ որ նա է շնշչում` գիշերային է ու խոր։
Նրա աչքերը երկու քարայր են, ուր անորոշ խորհուրդն է երևում, և նրա նայվածքը լուսավառ է, որպես փայլակ, դա մի բռնկում է խավարի մեջ։
Ես նրան սև արևի կնմանեցնեի, եթե կարելի լիներ երևակայել մի սև աստղ, որը լույս և երջանկություն է սփռում իր շուրջը։ Բայց ավելի շուտ նա լուսինն է հիշեցնում, որի ահավոր ազդեցության դրոշմը կրում է նա իր վրա։ Սակայն ոչ իդիլիաների սպիտակ լուսինը, որ պաղ նորահարսի է նման, այլ չարագուշակ և արբեց նող լուսինը, որ կախ է ընկած մրրկահույզ, հողմավար ամպերով օրորվող գիշերի անդունդի վրա, ոչ այն համեստ ու հեզ լուսինը, որ մաքուր սրտերի երազներն է այցելում, այլ երկնից կտրված հաղթահար ու ապստամբ լուսինը, որին թեսսալական վհուկներն ստիպում էին պարել սարսահար խոտերի վրա։
Նրա փոքրիկ ճակատի տակ համառ կամքն ու որսի սերն է ապրում։ Մինչդեռ իր հուզիչ դեմքի վրա, ուր նրա շարժուն պնչերը հետամուտ էին անծանոթին և անկարելիին, մի անասելի վայելչությամբ ծիծաղն է բռնկում նրա լայն շրթունքներում կարմիրը սպիտակ և հեշտալիր, որն ստիպում է հրաբխային հողի վրա բացված հրաշալի և սիգապանծ ծաղկի մասին երազել:
Կան կանայք, որոնք ցանկություն են ներշնչում իրանց հաղթելու և իրանցով զվարճանալու, իսկ սա իր հայացքի տակ համառորեն մեռնելու փափադ է ներշնչում։