Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուլտուրական ժառանգությունը, ուրեմն կարող ենք ապրել, եթե ոչ, մենք կմեռնենք իբր ազգ։ Պետք է չափազանց կարճատես լինել գալիքի վերաբերմամբ կամ չափազանց վատատես Ռուսիայի ապագայի նկատմամբ այս ամենը լոկ (որ ես մատնանշեցի ամենաընդհանուր գծերով միայն) ռուս բյուրոկրատականաբսոլյուտիստ կառավարության քաղաքական գերիշխանության առաջընթացքի մի նշան համարելու համար։

Սակայն մեր ինտելիգենցիայի մի հատվածն արդեն սկսում գիտակցել այս մեծ շարժման խոշոր նշանակությունը։ Մեր գավառական, ինքնամփոփ, ազգային-կղերական մամուլի և գրականության մեջ անգամ, ինչպես և ժողովրդական մասսաների որոշ խավերում, արդեն կարելի է նկատել այդ խլրտման ակնհայտ նշանները։ Եթե դեռ ամենքը չեն տեսնում մոտավոր ապագայի ճանապարհները, գոնե զգում են արդեն, որ հինը, երեկվանը դատապարտված է, անզոր է, որ հին սովորական մտածողությունը անկարող է ու խեղճ, որ հին ձևերը նեղ են, հին զենքերը՝ մաշված։ Եվ քանի որ այդ այդպես է, բնականաբար ամեն մի գիտակի մարդու առջև պիտի ելնե այն հարցը, թե որոնք են մեր կյանք հերթական, անհետաձգելի խնդիրները, հետևապես և մեր գրականության հերթական հարցերը:

Քանի որ խոսքը հայ գրականության մասին է, բնականաբար պիտի հարց ծագե նախ և առաջ հայ լեզվի մասին, որովհետև լեզուն է գրականության առաջին պայմանը, ինչպես և ազգային կուլտուրայի ամենախոշոր և ամենազորեղ գործոնը։ Լեզուն ամենազորեղ զենքն է մարդու, որովհետև նա միացնում է նրան մյուս մարդկանց հետ, նա է մարդուն անբան անասունից զատողը։

Սխալ են նրանք, որ մեր ժամանակում ուզում են ապագայի գեղարվեստ ստեղծել։ Դա անհնարին է, որովհետև մեր ժամանակն ուզում է նախ ունենալ իր գեղարվեստը։ Այդօրինակ ֆուտուրիզմը անհնար բան է։ Դրա համար է, որ ծիծաղելի է, երբ այժմ հոգում են ապագայի մասին, թողած ներկան։ Ապագան ինքը կհոգա իր մասին։

Նրանք, որոնք մտածում են ապագայի մասին, պիտի ներկայում պատրաստեն ապագայի ճանապարհը և ըմբռնելով գալիք օրէրի ուղին, չպիտի շեղվեն ու շեղեն նրանից։